Tuesday, November 1, 2011

Նոր մանրամասներ` Ադրբեջանցի սահմանապահների կողմից սպանված իրանցի զինծառայողի գործի վերաբերյալ

Panorama.am. 31-10-2011- Ադրբեջանի սահմանապահների կատարած գործողությունները բացարձակապես անընդունելի են և զուրկ` որևէ մեկնաբանությունից: Այդ մասին իրանական «թաբնաք.իռ» կայքի հաղորդմամբ` հայտարարել է Իրանի ոստիկանության սահմանապահ ծառայության հրամանատար Հոսեյն Զոլֆաղարին:
«Իրանցի զինծառայողի սպանության հանգամանքները հետաքննելու արդյունքում պարզվել է, որ ադրբեջանցի սահմանապահների կատարած քայլն անհիմն էր, քանի որ կարիք չկար չզինված զինծառայողի առջևից և ետևից մի քանի գնդակ արձակել: Դեպքեր են եղել, երբ իրանցի սահմանապահները սահմանային գյուղերում ադրբեջանցի զինվոր են ձերբակալել, սակայն մենք ձերբակալվածին փոխանցել ենք ադրբեջանական կողմին»,-նշել է Հոսեյն Զոլֆաղարին:
Հավելենք, որ, միջադեպի առնչությամբ օրերս Արևելյան Ազարբայջան նահանգի «Բասիջ» (պայքարող ուժ) կազմակերպության նախագահ Ալի Ասղար Ռամեզանին հայտարարեց. «Ոչ մի տեղ սահմանում մոլորված զինվորին չեն սպանում, բայց Ադրբեջանի Հանրապետության սահմանապահները անամոթաբար անմարդկային ձևով սպանեցին իրանցի զինծառայողին` անտեսելով սահմանապահ ծառայության մասին բոլոր նորմերը»:
Նշենք, Արդեբիլ նահանգի սահմապահ ծառայության հրամանատար, գնդապետ Սեյյեդ Մոջդաբա Մուսավին, ադրբեջանցի սահմանապահների գործողություններն անօրինական որակելով, մասնավորապես, հայտարարել էր. «Ադրբեջանի սահմանապահները մինչ իրանցի զինծառայողի ուղղությամբ կրակելը և նրան սպանելը, իրանցի զինծառայողին ձերբակալել էին, ուստի չզինված զինծառողի վրա կրակելու և սպանելու որևէ հիմք գոյություն չուներ»:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 19-ին` ժամը 14-ի սահմաններում սահմանային Արանլի գյուղի շրջակայքում Ադրբեջանա-իրանական սահմանն անցնելու ժամանակ Ադրբեջանի սահմանապահ ծառայության աշխատակիցների հետ տեղի ունեցած զինված բախման արդյունքում զոհվել է Իրանի սահմանապահ ծառայության 20-ամյա զինծառայող Աքբար Հասանփուրը:
Միջադեպի առնչությամբ` Իրանի արտաքին գործերի նախարարությունը Իրանում Ադրբեջանի դեսպանին կանչել է ԱԳՆ և վերջինիս հանձնել իրանական կողմի բողոքի նոտան:

No comments: