Wednesday, November 30, 2011

Հայ առաքելական եկեղեցին ողջունում է Փաշազադեի առաջարկը` սահմանին հանդիպումներ կազմակերպելու վերաբերյալ

Tert.am. 30-11-2011- Հայկական կողմը ողջունել է Կովկասի մահմեդականների վարչության նախագահ Ալլահշուքյուր Փաշազադեի առաջարկը` հանդիպումներ կազմակերպել նաեւ սահմանի վրա, սակայն վերջնական պայմանավորվածություններ դեռ չկան: Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնեց Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն տեր Վահրամ քահանա Մելիքյանը` մեկնաբանելով ադրբեջանական լրատվամիջոցներում տարածված տեղեկությունները, թե հոգեւոր առաջնորդները պայմանավորվել են հանդիպել սահմանին:
«Նոյեմբերի 28-ին տեղի ունեցած տարածաշրջանի հոգեւոր առաջնորդների եռակողմ հանդիպման ժամանակ, որին մասնակցում էին Ամենայն հայոց կաթողիկոսը, Մոսկվայի եւ Համայն Ռուսիո պատրիարքը եւ Կովկասի մահմեդականների վարչության նախագահ Ալլահշուքյուր Փաշազադեն, անդրադարձ է եղել հիմնականում ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը: Եւ երբ ընդունվել էր համատեղ հայտարարությունը, զրույցի ընթացքում առաջարկ ներկայացվեց ադրբեջանական կողմից, որ հաջորդիվ հանդիպումներ կազմակերպվեն նաեւ սահմանի վրա եւ հոգեւոր առաջնորդները նաեւ սահմանի վրա հանդիպեն: Հայկական կողմից այդ առաջարկը ողջունվել է, սակայն վերջնական որեւէ պայմանավորվածություն այդ առնչությամբ ձեռք չի բերվել»,- նշեց տեր Վահրամը:
Վերջինս նաեւ հաստատեց տեղեկությունը, որ Ալլահշուքյուր Փաշազադեն այցի ընթացքում եղել է Երեւանի կապույտ մզկիթում եւ աղոթել: «Շեյխն այցելել է, եւ դա բնական է, ինչպես մենք եկեղեցի ենք այցելում եւ մեր աղոթքը մատուցում: Ինչպես եւ Բաքվում Վեհափառ հայրապետի այցի ժամանակ, մենք այցելեցինք հայկական եկեղեցի եւ աղոթեցինք»,- նշեց Մայր Աթոռի մամուլի պատասխանատուն:
Տեր Վահրամը նաեւ հերքեց ադրբեջանական լրատվամիջոցների տարածած տեղեկությունները, թե եռակողմ հանդիպմանը պատրիարք Կիրիլը հանդես է եկել ղարաբաղյան հարցում Ադրբեջանի տեսակետների պաշտպանությամբ: «Պատրիարքը որեւէ նման կողմնորոշում կամ կեցվածք չի արտահայտել: Հանդիպումն արդեն իսկ իր միջնորդությամբ է կայացել, եւ կարծում եմ` ընկալելի էր չէր լինի, որ պատրիարքը նման հայտարարություններ աներ: Երեք կողմերն ասել են այն, ինչ արտահայտված է ընդհանուր փաստաթղթում»,- ամփոփեց Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրենը:

No comments: