Thursday, November 17, 2011

Օլիգարխները “խնդրում” են ու ստանում

«Լրագիր» 17-11-2011- Հայաստանի առաջիկա գլխավոր մտահոգություններից մեկը դարձել է այն 101 միլիարդ դրամը, որը որպես բյուջեի հավելյալ հարկային մուտք ամրագրված է 2012 թվականի բյուջետային նախագծում: Կառավարությունը նախատեսում է այդքանով ավելացնել բյուջեի հարկային մուտքերը, իսկ Ազգային Ժողովի մեծամասնությունն էլ բնականաբար հաստատելու է կառավարության այդ մտադրությունը, քանի որ այն բխում է նախընտրական տրամաբանությունից:
Հայաստանի հասարակական, փորձագիտական, եւ ամենակարեւորը՝ բիզնես շրջանակները, հատկապես մանր ու միջին ձեռնարկատիրությամբ զբաղվողները, արդեն տեւական ժամանակ է փորձում են հստակեցնել պատկերը, թե որտեղից է հավաքվելու այդ 101 միլիարդ դրամը: Կառավարությունը նրանց հավաստիացնում է, որ դա ոչ թե հերթական անգամ կընկնի մանր ու միջին ձեռնարկատիրության ուսերին, այլ կհարկվի խոշորներից: Բայց, բիզնեսը քիչ է հավատում եւ վստահում այդ խոսքերին, քանի որ լավատեղյակ է՝ սեփական մաշկի վրա է զգացել, թե ինչ է կատարվում գործնականում, իշխանական բանավոր, կամ թեկուզ գրավոր հավաստիացումներից այն կողմ:
Բայց, այդուհանդերձ, ստեղծված իրավիճակում իշխանության պատասխանը հետաքրքրական է մեկ այլ տեսանկյունից: Երբ հայտարարվում է, որ հավելյալ հարկերը հավաքելու են խոշոր բիզնեսից, առաջանում է մի երկու հարցադրում: Ինչ է նշանակում խոշոր բիզնես, եւ ինչ է նշանակում հարկերը հավաքվելու են խոշոր բիզնեսից:
Օրինակ, պետական եկամուտների կոմիտեն հրապարակում է 1000 խոշոր հարկատուների, կամ 300 խոշոր հարկատուների ցուցակ: Միթե Հայաստանի համար շատ չեն այդքան խոշոր հարկատուները: Ինչ չափանիշով են նրանք խոշոր համարվում: Զարմանալի չէ արդյոք, որ ասենք հազիվ 3 միլիարդ դոլարի հասնող պետական բյուջեով Հայաստանն ունի ասենք մի քանի հարյուր կամ 1000 խոշոր հարկատու: Եվ եթե Հայաստանն ունի այդքան խոշոր հարկատու, զարմանալի՞ չէ արդյոք, որ բյուջեն հազիվ հասնում է 3 միլիարդ դոլարի:
Ըստ երեւույթին, անհրաժեշտ է վերանայել խոշոր հարկատու հասկացության չափորոշիչները, որովհետեւ դրա տակ են հայտնվում նաեւ այսպես ասած որոշակիորեն հաջողված մանր կամ միջին ձեռնարկատերերը, ու ընկնում այդ “տերմինաբանական թակարդը”, չափվելով իսկապես խոշորներին հավասար, բայց ի տարբերություն նրանց՝ կրելով զգալի կորուստներ:
Իսկ ինչ է նշանակում հավաստիացումը, թե հարկումը ընկնելու է խոշորների ուսերին: Ընդհանրապես, հարկվում է բիզնեսը՝ խոշոր լինի, միջին, թե մանր: Պարզապես ամեն բիզնես հարկվում է իր չափով, այսինքն իրեն հասանելիքի չափով, որքան որ օրենսդրությունը նախատեսում է:
Հետեւաբար, իշխանության պատասխանը թերեւս պետք է լինի այն, որ հարկային մուտքերը պետք է ապահովվեն ըստ օրենսդրության. խոշորից՝ խոշորի չափով, մանրից՝ մանրի չափով, միջինից՝ միջինի չափով: Սա թվում է անգամ պարզունակ դատողություն, բայց թերեւս կա էական մի պահ: Խոսքը օրենքին հղում անելու մասին է: Իշխանությունը պետք է հղում անի օրենքին, որովհետեւ երբ ասվում է, թե հարկվելու է խոշոր բիզնեսը, ապա որքան էլ որ դրա տակ ենթադրվում է օրենսդրական բազայի ձեւավորում, միեւնույն է, իրավիճակը լղոզվում է, քանի որ լղոզված է նաեւ խոշոր բիզնես հասկացությունը:
Իսկ օրենսդրությանը հղում անելու պարագայում, պատասխանատվությունը դառնում է գոնե մի քիչ ավելի կոնկրետ: Օրենքն է սահմանում հարկային պարտավորությունները, եւ 101 հավելյալ միլիարդը պետք է ձեւավորվի բոլորի համար օրենքով սահմանված հարկային պարտավորությունների կատարման արդյունքում:
Ի վերջո, գաղտնիք չէ նաեւ, որ լինելով խոշոր հարկատու ընկերության սեփականատեր, այս կամ այն օլիգարխը կամ բարձրաստիճան պաշտոնյան իր բիզնեսների մի զգալի մասը միջինացրել կամ մանրացրել է, այսպես ասած հարկա-ստվերային մարտավարությունից ելնելով:
Հետեւաբար, հարցը բիզնեսի չափը չէ, այլ օրենքի հավասար կիրառման հրամայականը, որովհետեւ անգամ եթե իշխանությունը օլիգարխներին խնդրի, որ փող տան բյուջեն կատարելու համար, դրանով հարց չի լուծվելու, որովհետեւ երբ նրանք փողը տալիս են ոչ թե ըստ օրենքի, այլ ըստ իշխանության խնդրանքի, դրա դիմաց էլ ինչ որ բաներ են “խնդրում” իշխանությանը, եւ որպես կանոն՝ ստանում են:
ՋԵՅՄՍ ՀԱԿՈԲՅԱՆ

No comments: