Wednesday, November 30, 2011

Ի՞նչ «որս» են սկսել ԲՀԿ դեմ

«Լրագիր» 30-11-2011- ԲՀԿ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը նախօրեին հայտարարություն էր տարածել այն “աժիոտաժի” վերաբերյալ, որ քաղաքական, փորձագիտական եւ մեդիադաշտում առաջացել էր նոյեմբերի 25-ի հանրահավաքում Լեւոն Տեր-Պետրոսյանի հայտնի ելույթից հետո: Տեր-Պետրոսյանը իր ելույթը ներկայացնելով որպես “քաղաքագիտական վերլուծություն”, խոսեց Կոնգրեսի եւ ԲՀԿ հնարավոր գործակցության մասին, ինչը նրա կարծիքով էապես կփոխեր քաղաքական իրավիճակը Հայաստանում:
Նաիրա Զոհրաբյանն “անառողջ” որակելով այդ ելույթից հետո ստեղծված “աժիոտաժը”, փաստում է, որ ամեն ոք ունի կարծիք հայտնելու իրավունք՝ այդ թվում առաջին նախագահը: Բայց, հարց է առաջանում, թե արդյոք ոչ բոլորն ունեն առաջին նախագահի ելույթի վերաբերյալ կարծիք հայտնելու, դրա բովանդակությունը մեկնաբանելու, գնահատելու, վերլուծելու, եզրակացություններ կամ թեկուզ ենթադրություններ անելու իրավունք: Ընդ որում, խոսքը ոչ միայն առաջին նախագահի ելույթի, այլ ընդհանրապես ցանկացած հրապարակային գործչի եւ գործընթացի մասին է:
Բայց, այս դեպքում էականը թերեւս դա չէ, այլ Նաիրա Զոհրաբյանի հայտարարության հետեւյալ դրվագը. “Ի վերջո, մենք անընդհատ խոսում ենք քաղաքական նոր մշակույթի ձեւավորման անհրաժեշտությունից, հանդուրժողականությունից, Եվրոպաներում հայտարարում ենք, որ անցկացնելու ենք ամենաարդար ընտրությունները եւ հարգելու ենք յուրաքանչյուրի քվեն եւ կարծիքը: Ի՞նչն է խանգարում իրականում անել այդ ամենը, նման աննախադեպ ինկվիզիցիոն գործընթացներ չծավալել եւ վհուկների որս չսկսել”:
Սա իսկապես լուրջ քաղաքական հայտարարություն է, որը հիմք է տալիս ենթադրել, որ ԲՀԿ դեմ սկսվել է ինկվիզիցիոն՝ հավատաքննական գործընթաց, եւ կուսակցության դեմ “վհուկների որս” է ընթանում:
Արդյոք ինչը նկատի ունի Նաիրա Զոհրաբյանը: Հազիվ թե նա ինկվիզիցիա եւ վհուկների որս որակի մեդիադաշտի այն հրապարակումները, վերլուծությունները, գնահատականներն ու մեկնաբանությունները, որ եղան, կան եւ դեռ գուցե կլինեն Կոնգրես-ԲՀԿ գործակցության հնարավորության մասին:
Նաիրա Զոհրաբյանն ինքը եղել է մամուլի մարդ՝ լրագրող, եւ լավ պատկերացնում է, որ առնվազն միամիտ կլինի մամուլում տեղեկատվությունը, կարծիքները, գնահատականները եւ վերլուծությունները որակել ինկվիզիցիա եւ վհուկների որս: Այդ ամենը լրագրողների, փորձագետների, մեկնաբանների եւ վերլուծաբանների աշխատանքն է, եւ եթե նրանք դա անում են առանց որեւէ օրենք խախտելու, ապա այդտեղ միայն ոլորտին անտեղյակ մարդը կարող է “ինկվիզիցիա” եւ “վհուկների որս” որոնել: Իսկ Նաիրա Զոհրաբյանը ոլորտին ոչ միայն անտեղյակ չէ, այլ բավական քաջատեղյակ է, տիրապետում է մասնագիտության նրբերանգներին, հմտություններին:
Ուրեմն էլ ի՞նչ ինկվիզիցիոն գործընթաց կա ԲՀԿ դեմ, ինչո՞վ է այն արտահայտվում, ո՞ւմ են “որսացել” մինչ այժմ: Արդյոք ԲՀԿ անդամի հայտարարության այդ դրվագը առնչվում է այն տեղեկություններին, որ եղան Գագիկ Ծառուկյանի շրջապատից որոշ անձանց ձերբակալության վերաբերյալ:
Թե բանը դրանով չի ավարտվել, այլ դեռ միայն սկսել է, եւ ԲՀԿ-ն ունի մեծածավալ շարունակության լուրջ եւ իրական անհանգստություն:
Իսկ ո՞վ է իրականացնում այդ “որսը” եւ “ինկվիզիցիան”: Դատելով Նաիրա Զոհրաբյանի խոսքից, դա անում է իշխանությունը՝ ՀՀԿ-ն, կամ ավելի կոնկրետ՝ Սերժ Սարգսյանը: ԲՀԿ անդամը “ինկվիզիցիայի” համատեքստում խոսում է արդար ընտրության վերաբերյալ եվրոպաներում արվող հայտարարությունների մասին: Իսկ այդպիսի հայտարարություններ արել են Սերժ Սարգսյանն ու Տիգրան Սարգսյանը:
Արդյոք նրանց է ուղղված մեղադրանքը: Կամ, թերեւս առաջին հերթին հարցն այն է, թե արդյոք ԲՀԿ անդամը “ինկվիզիցիայի” եւ “վհուկների որսի” համար մեղադրում է որեւէ մեկին, թե պարզապես փորձում է կանխարգելիչ քաղաքական հայտարարություն անել, կանխազգալով հնարավոր ինչ որ միտումներ, որ կարող են լինել Տեր-Պետրոսյանի ելույթից հետո, ասենք Գագիկ Ծառուկյանի հանդեպ Սերժ Սարգսյանի մոտ առաջացող կասկածների պատճառով:
ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ

No comments: