Wednesday, November 30, 2011

Ադրբեջանում ԱՄՆ-ի դեսպան Մեթյու Բրայզայի հետագա պաշտոնավարումը հարցականի տակ է

Tert.am. 30-11-2011- Ադրբեջանական «Թուրան» լրատվական գործակալությունն անդրադարձել է ամերիկացի դիվանագետ Մեթյու Բրայզային՝ Ադրբեջանում ԱՄՆ դեսպանի պաշտոնում Սենատի կողմից հաստատելու խնդրին։
«Ազատություն» ռադիոկայանը, վկայակոչելով «Թուրան»-ի Վաշինգտոնի թղթակցին, հաղորդում է, որ Սենատում այդ հարցի քննարկման ժամկետների մոտենալուն զուգընթաց՝ ԱՄՆ–ում հայկական կազմակերպություններն ավելի են ակտիվանում` Սենատի կողմից Բրայզայի հաստատումը կանխելու համար։
Անցյալ տարի Սենատը չհաստատեց նախագահ Բարաք Օբամայի կողմից ներկայացված չորս դեսպանների թեկնածությունը։ Շրջանցելով Սենատը` Միացյալ Նահանգների նախագահը տարեվերջին նրանց, այդ թվում` ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի նախկին համանախագահ Մեթյու Բրայզային, դեսպաններ նշանակեց իր հրամանագրով, սակայն նման ճանապարհով նշանակումները ժամանակավոր բնույթ են կրում` մեկ տարի անց նրանք, այնուամենայնիվ, պետք է հաստատվեն Սենատում։
«Թուրան»-ը նշում է, որ չհաստատված չորս դեսպաններից երեքի հարցը մտել է Սենատ, հավանություն ստացել, բայց Բրայզայի մասին մոռացել են։ Պատճառն այն է, որ սենատոր Ռոբերտ Մենենդեսը այդպես էլ չի հանել իր վետոն, որի հետեւանքով էլ անցյալ տարի Բրայզայի թեկնածությունը Սենատում չէր հաստատվել։
«Թուրան»-ը, վկայակոչելով Պետքարտուղարությունում իր աղբյուրը, հաղորդում է, թե Օբամայի վարչակազմը շահագրգռված է, որ Բրայզան Ադրբեջանում շարունակի դեսպանի իր գործունեությունը, և նրան հաստատելու նպատակով ակտիվորեն աշխատում է Սենատի հետ։ «Դեսպան Բրայզան անցած 11 ամիսների ընթացքում մեծ արդյունքների է հասել Ադրբեջանում ամերիկյան շահերը պաշտպանելու, երկկողմ հարաբերությունները ամրապնդելու և զարգացնելու գործում», - ըստ «Թուրան»-ի` ասել է Պետքարտուղարության իր աղբյուրը, միաժամանակ, շարունակելով. - «Վարչակազմը, սակայն, չի կարող միջամտել Սենատի աշխատանքներին։ Դեսպաններին հաստատելը և լսումներ կազմակերպելը միմիայն սենատորների իրավասությունն է»։
Ադրբեջանական գործակալությունը հավելում է, որ ըստ փորձագետների` եթե մինչև դեկտեմբերի վերջը Բրայզայի թեկնածությունը հաստատելու հարցը Սենատ չմտնի, ապա դեսպանի պաշտոնում նրա գործունեության շարունակելը շատ կբարդանա։

No comments: