Thursday, November 24, 2011

Որո՞նք են Ադրբեջանի հակաիրանական տրամադրությունների իրական պատճառները

News.am. 24-11-2011- Վերջին շրջանում ադրբեջանական մամուլը հաճախ է անդրադառնում այսպես կոչված «իրանական սպառնալիքին»` պնդելով, որ Իրանն սկսել է լուրջ վտանգ ներկայացնել Ադրբեջանի ազգային անվտանգության ապահովման տեսանկյունից: Ադրբեջանական մամուլն իր փաստարկները ծանրակշիռ դարձնելու եւ անկախակալություն հաղորդելու նպատակով հաճախ է վկայակոչում արեւմտյան լրատվամիջոցներին: Մասնավորապես, Vesti.az-ը, վկայակոչելով ամերիկյան «Fox-11» հեռուստաալիքի հրապարակած տվյալները, գրում է, որ Իրանը նախատեսում է 2012-ին երկու խոշոր ահաբեկչական ակտ եւ մեկ սպանություն իրականացնել Ադրբեջանում, որոնք հանգեցնելու են բնակչության շրջանում քաոսային իրավիճակը ստեղծմանը: «Դա էլ իր հերթին նպաստելու էր Ադրբեջանում զանգվածային անկարգությունների եւ դժգոհությունների ալիքի բարձրացմանը: Երկրում կայունությունը խախտվելու էր, ինչն էլ ստիպելու էր իր հեղինակությունը կորցրած նախագահ Իլհամ Ալիեւին հրաժարական տալ»,-գրում է կայքը` վկայակոչելով ամերիկյան «Fox-11»-ը: (Նշենք, որ այդ տեղեկությունների իսկությունը խիստ կասկածելի է, քանի որ «Fox-11»-ի էլեկտրոնային կայքում նման հրապարակումներ չեն հայտնաբերվել:)
Միաժամանակ ադրբեջանական ընդդիմադիր «Ազադլըգ» թերթը եւս շարունակաբար հոդվածներ է հրապարակում` պնդելով, թե իբր Իրանը նախատեսում է ձախողել ադրբեջանական «Եվրատեսիլ-2012»-ը:
Երկու կողմերի հարաբերություններում լարվածության աճ նկատվեց «Հըզբոլահի» հարձակման մասին վերջին տեղեկությունների առնչությամբ:
Իսկ ինչո՞վ է պայմանավորված ադրբեջանական մամուլի հակաիրանական տրամադրությունները, եւ ինչո՞ւ են վտանգվել տարածաշրջանի գերազանցապես շիա մահմեդական բնակչություն ունեցող երկու պետությունների բարիդրացիական հարաբերությունները:
Ստեղծված իրադրության պարզաբանման նպատակով անդրադառնանք ադրբեջանական վերջին զարգացումներին: Այդ երկրում պարբերաբար խախտվում են քաղաքացիների իրավունքները, բռնություններ են կիրառվում ընդդիմության, հասարակական գործիչների եւ լրագրողների նկատմամբ, որի մասին բազմիցս արձագանքել են նաեւ միջազգային կառույցները:
Դրա հետ մեկտեղ որոշակի ակտիվություն է նկատվում Ադրբեջանում բնակվող ազգային փոքրամասնությունների շրջանում, օրինակ քրդերը եւ լեզգիները հրապարակումներով են հանդես գալիս` պահանջելով իշխանություններից հարգել իրենց իրավունքները եւ թույլ տալ ուսուցում մայրենի լեզվով:
Նման պայմաններում ադրբեջանական իշխանությունները փորձում են մեթոդներ գտնել` ժողովրդի շրջանում առաջացած դժգոհության ալիքը մեղմելու եւ հակաիշխանական դրսեւորումները լռեցնելու համար: Իրանի հետ հարաբերություններում առկա լարվածության հանգամանքն օգտագործելով` Ադրբեջանը ցանկանում է ժողովրդական զանգվածներին տրամադրել Իրանի դեմ: Այդ քայլով իշխանությունները ոչ միայն կարգելակեն Իրանի միջամտությունը Ադրբեջանի կրոնական գործերին, այլ նաեւ կապահովեն միջազգային հանրության բարենպաստ դիրքորոշումը:
Նշենք, որ Իրանը, հաշվի առնելով իր աշխարհաքաղաքական շահերը, խիստ դեմ է ադրբեջանա-իսրայելական համագործակցությանը, մինչդեռ Ադրբեջանը շարունակվում է զինվել իսրայելական զենքով:
Այս պայմաններում հակաիրանական քաղաքականությունը ծառայեցվում է որպես միջոց միջազգային հանրության, մասնավորապես ԱՄՆ-ի համակրանքը շահելու համար:
Այդուհանդերձ, Ադրբեջանի հակաիրանական դրսեւորումների հիմքում ընկած է եւս մի կարեւոր հանգամանք: Այդ երկրի ղեկավար անձինք իրենց ելույթներում բազմիցս շեշտում են այսպես կոչված «Հարավային Ադրբեջանի», իրականում Իրանական Ատրպատականի տարածքի հանդեպ ունեցած հավակնությունների մասին: Ադրբեջանը փորձում է այդ տարածքում բնակվող թրքախոս ազերիներին վերագրել ադրբեջանական ծագում` շրջանառության մեջ դնելով «Հարավային եւ Հյուսիսային Ադրբեջանների միավորման» գաղափարը: (Վերջերս Ուրմիա լճի հետ ծագած բնապահպանական խնդրի առթիվ Ադրբեջանի բարձրացրած մեծ աղմուկը հերթական անգամ փաստեց այդ իրողությունը):
Նման պայմաններում հակաիրանական տրամադրությունները կարող են լավագույնս ծառայեցվել Իրանի նկատմամբ տարածքային պահանջների «հիմնավորման» ու «երկու Ադրբեջանների միավորման» գաղափարի զարգացման նպատակով:
Այսպիսով, ադրբեջանական իշխանական եւ ընդդիմադիր մամուլի հակաիրանական տրամադրությունները ունեն խորքային պատճառներ` պայմանավորված Ադրբեջանի ներքին եւ արտաքին քաղաքականությամբ: Ներսում Ադրբեջանի իշխանությունը լուծում է «ազգային կոնսոլիդացման» խնդիրը՝ որոշակիացնելով եւս մեկ արտաքին թշնամու կերպար Ադրբեջանի բնակչության համար` հանձինս Իրանի։ Մյուս կողմից Բաքվի ներկայիս իշխանությունը փորձում է իր հակաիրանական քաղաքականությամբ դիվիդենտներ քաղել Արեւմուտքից` Իսրայելի եւ ԱՄՆ-ի գլխավորությամբ։
Այսպիսով Բաքուն Իրանի հետ գրեթե բացահայտ քարոզչական առճակատում է սկսում, որի հետեւանքները կարող են նաեւ ճակատագրական լինել տարածաշրջանի համար։ Ի դեպ, ակնհայտ է նաեւ, որ արեւմտյան որոշ ուժերի ձեռնտու է Իրանի նկատմամբ այդ տրամադրությունների ստեղծումը, ինչը կարող է օգտագործվել Իրանի դեմ ուղղված իրենց ծրագրերի իրագործման նպատակով:
Հայրապետյան Տաթեւիկ

No comments: