Tuesday, November 22, 2011

Դյուրին է փնտրել ու գտնել մարդասպանին

Հարցազրույց ՀՀ պաշտպանության նախկին նախարար, Հայ ազգային կոնգրեսի անդամ Վաղարշակ Հարությունյանի հետ

- Խաղաղ պայմաններում բանակում վերջին շրջանում պարբերաբար տեղի ունեցող սպանություններն ու ինքնասպանությունները դարձել են ամենաշատ քննարկվող թեման:
- Բանակում կատարվող այդ երեւույթների խորքային պատճառները պետք է փնտրել պետության, իշխանության մեջ: Հարկավոր է նկատի ունենալ իշխանությունների, հասարակության վերաբերմունքը բանակի հանդեպ, հասարակության մեջ առկա պրոբլեմների կուտակումը, որն անդրադառնում է Զինված Ուժերի վրա: Անթույլատրելի է, որ խաղաղ պայմաններում նման դաժան դեպքեր տեղի ունենան: Բայց բանակում կատարվող իրադարձությունները հասկանալու համար պետք է դրանք համեմատել այլ երկրների ԶՈՒ-երում տեղի ունեցող նման դեպքերի հետ: Նույնիսկ ամերիկյան բանակում բարձր է ինքնասպանության դեպքերի ցուցանիշը. ԱՄՆ զինված ուժերում, որտեղ ծառայում են միայն պայմանագրային հիմունքներով զորակոչված զինծառայողներ, ֆինանսավորումը անհամեմատ բարձր է, սպաների սոցիալական վիճակը շատ ավելի բարեկեցիկ, ռազմական բյուջեն մեկ զինվորի հաշվով հարյուրավոր անգամ բարձր է: Պենտագոնի տվյալներով, 2011 թվականի սկզբից մինչեւ հուլիս ընկած ժամանակահատվածում ինքնասպան է եղել ցամաքային զորքերում ծառայող 151 զինվոր,իսկ CNN-ի տվյալներով, ռազմաօդային ուժերում արձանագրվել է ինքնասպանության 28 դեպք, ռազմածովայինում` 33, ծովային-հետեւակում` 21: Ի դեպ, միայն հուլիս ամսվա ընթացքում ցամաքային զորքերում ինքնասպան է եղել 32 հոգի: Այսինքն, 7 ամսվա ընթացքում ինքնասպանություն է գործել 232 զինվոր: Եթե այս թիվը համեմատենք բանակի անձնակազմի քանակի, ապա նաեւ ՀՀ ԶՈՒ-ի հետ, ապա այնտեղ ինքնասպանությունների քանակը անհամեմատելի մեծ է: Ընդ որում՝ Ամերիկան ապրում է խաղաղ կյանքով, ռազմական գործողությունները ծավալուն չեն: Իսկ մեր բանակը ապահովում է ավելի քան 1000 կմ սահմանի անվտանգություն: Սա, թերեւս, իր ազդեցություն է ունենում մարդկանց հոգեվիճակի վրա:

- Այսինքն`կիսապատերազմական վիճա՞կն է նման երեւույթների պատճառը, թե ինչ:
- Բանակում նման երեւույթների պատճառներից գլխավորը սպայակազմի անգործությունն է. անկախ նրանից, թե երկրում ինչ մթնոլորտ կա, ինչ վերաբերմունք սպայի, բանակի հանդեպ, բանակի մարտունակության պատասխանատուն սպայակազմն է: Իսկ մարտունակության հիմնական տարրերից են բարոյահոգեբանական վիճակն ու կարգապահությունը: Նման դեպքերի համար, անկախ վերը թվարկած օբյեկտիվ պատճառներից, պատասխանատու է մի կողմից սպան, որի կանոնադրական եւ բարոյական պարտականությունն է կանխել այդպիսի դեպքերը, մյուս կողմից դատախազությունը, որը պարտավոր է բացահայտել` դրանով իսկ կանխարգելելով հետագա հանցագործությունները:

- Իսկ սպայակազմն ինչո՞ւ է անգործ:
- Զինվորի հետ հիմնական շփումը ներքեւի օղակներն են իրականացնում: Այսինքն՝ կարգապահությունը, մարտական պատրաստվածությունն իրականացնողները սպայական կազմն է, որը զբաղեցնում է դասակի, վաշտի, գումարտակի հրամանատարների պաշտոնները: Դա այն երիտասարդ սերունդն է, որը նոր է ավարտել բարձրագույն ուսումնական հաստատություն ու սկսել աշխատել: Իսկ նման դեպքերը տեղի են ունենում երկու հիմնական պատճառներով՝ ի վիճակի չեն, եւ կամ ցանկություն չունեն իրավիճակը վերահսկելու: Իսկ բանակի բարձր օղակն էլ իր հերթին չի վերահսկում նրանց, ճիշտ չի կազմակերպում սպաների մասնագիտական պատրաստությունն ու դաստիարակությունը: Արդյունքում՝ այդ սպան ի վիճակի չէ վերահսկելու իր ստորաբաժանումն ու կանխելու այնտեղ տեղի ունեցող հանցագործությունները կամ ոչ ցանկալի երեւույթները:

- Ձեր կարծիքով՝ շտկվո՞ղ է այս իրավիճակը:
- Իհարկե, շտկվող է: Մենք պետք է ամեն ինչ անենք՝ թույլ չտալու կոծկել բանակում կատարվող դեպքերը, ինչը անկասկած կնպաստի բանակում դեպքերի նվազմանը: Մյուս կողմից, պետք է գիտակցենք, որ մեր երկրում բանակը միակ կառույցն է, որը լիարժեք կատարում է իր վրա դրված պարտականությունը, ապահովում է մեր երկրի անվտանգությունը: Պետք է բարձրացնել սպայի դերը բանակում, սպայական ծառայության հեղինակությունը, լուծել սպայի սոցիալական հարցերը, ինչը նույնպես կանխարգելիչ նշանակություն կունենա: Բանակում կատարվող սպանությունները պետք է բացահայտի դատախազությունը: Չբացահայտված սպանությունը կտրուկ բարձրացնում է նոր սպանությունների հավանականությունը: Մինչդեռ, բանակում կատարված սպանությունները բացահայտելը ավելի հեշտ է. պարզ է սպանության վայրը, հայտնի է շրջապատը, այսինքն՝ զորամասում զինծառայողները, նրանց հարաբերությունները: Հետեւաբար՝ դյուրին է փնտրել ու գտնել մարդասպանին:

- Այդ դեպքում ինչո՞ւ չեն բացահայտում:
- Դա ոչ պրոֆեսիոնալիզմի եւ կոռուպցիայի, ինչպես նաեւ վերահսկողության բացակայության հետեւանք է:

- Ձեր կարծիքով՝ նախարարի հրաժարականը կամ մեկ-երկու գեներալի հրաժարականը կարո՞ղ է հարցի լուծում հանդիսանալ:
- Այն զորամիավորման հրամանատար գեներալը, որտեղ տեղի են ունենում սպանություն դեպքեր, միանշանակ պետք է պատժվի եւ կախված քանակից եւ հանցագործության ձեւից, այդ պատիժը պետք է լինել նկատողությունից մինչեւ քրեական պատասխանատվություն: Դա պահանջում է կարգապահական կանոնադրությունը եւ ստեղծված իրավիճակը: Հատկապես ինքնասպանությունների դեպքերն ավելի ծանր են, քանի որ մարդուն ինքնասպանության հասցնելու համար ժամանակ է պետք, ու չվերահսկել իրավիճակն այդ առումով, խոսում է նրա մասին, որ սպայակազմը պարզապես չի կատարում իր ուղղակի պարտականությունները:

ԱՐՄԱՆ ԳԱԼՈՅԱՆ
«Լրագիր» 21-11-2011.

No comments: