Thursday, November 10, 2011

ՉԱԽԱԼՅԱՆԸ ՍՊԱՍՈՒՄ Է ԵՎՐՈՊԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆՈՒՄ ԻՐ ԳՈՐԾԻ ՔՆՆՈՒԹՅԱՆԸ

«ԱԶԳ», 10-11-2011 - Ջավախահայ քաղաքական ակտիվիստ Վահագն Չախալյանի հետ կապը պահպանել հաջողվում է, ի տարբերություն նախորդած ժամանակահատվածի` ներկայումս վրացական իշխանությունների թույլ են տալիս, որ նրան այցելեն հոգեւորականներ, Չախալյանի փաստաբանը կամ հարազատները: «Ազգի» հարցին, թե ինչ վիճակում են քաղբանտարկյալ Չախալյանն ու Մարդու իրավունքների եվրոպական դատարանում նրա դիմումի ընթացքը, տեղեկացրեց «Երկիր» միության ծրագրերի կոորդինատոր Ռոբերտ Թաթոյանը երեկ «հենարան» ակումբում: Այս ամենին զուգահեռ, խնդիրների հարուցումը Չախալյանի համար շարունակվում է, հաճախ նրան հնարավորություն չեն տալիս հեռախոսով կապվել ընտանիքի հետ:
Ինչ վերաբերում է Մարդու իրավունքների եվրոպական դատարան Չախալյանի գործի բողոքարկմանը, որի մանրամասներին «Ազգի» ընթերցողները տեղյակ են հրապարակումներից հենց դատարանի դահլիճից, ապա Թաթոյանը տեղեկացրեց, որ արդեն մեկ տարի թղթածրարը հանձնվել է դատարանին: Այժմ հարկ է սպասել, քանի որ, նախ, դա արարողակարգային վիճակ է, բացի դրանից, ըստ Թաթոյանի, Եվրոպական դատարանում Վրաստանի դեմ հայցերը բավականին շատ են, ինչը եւս հետաձգում է հարցի քննարկման վերցնելու ժամկետները, թեեւ լավատեսություն կա, որ դատարանը դիմումը քննելու դեպքում հաստատապես որոշում կկայացնի` ընդունելով բոլոր այդ խախտումները, որոնցով իրականացվել է դատավարությունը:
Թաթոյանը ներկայացրեց, որ առավել կարեւոր հարց է, թե որքանով վրացական իշխանությունները կարձագանքեն ու կկատարեն եվրոդատարանի որոշումը կամ որքան կձգձգեն այդ որոշման կատարումը, քանի որ, ամենից առաջ ու հետո, Չախալյանի գործը քաղաքական խնդիր է, այլ ոչ զուտ իրավական:

No comments: