Thursday, November 10, 2011

Թուրքիայի ազգային փոքրամասնությունները թերահավատորեն են վերաբերվում նոր Սահմանադրությանը

News.am. 10-11-2011- Թուրքիայում տարբեր ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներ թերահավատորեն են վերաբերվում նոր Սահմանադրության ստեղծման ընթացիկ ջանքերին: Այս մասին գրում է թուրքական «Hurriyet Daily News and Economic Review»-ն:
«Հաշվի առնելով Թուրքիայում ներկայումս տիրող քաղաքական պայմանները, չեմ հավատում, որ նոր Սահմանադրությունը հավասարություն կարող է ապահովել հասարակության բոլոր շերտերի համար»,-ասել է ծագումով հայ Արեւ Ջեբեջին, ով ընդդիմադիր Ժողովրդա-հանրապետական կուսակցության թեկնածուն էր վերջին ընտրություններում:
Եթե ստեղծվի նոր Սահմանադրություն, ապա առաջին անգամ նման փաստաթուղթ կմշակվի ժողովրդավարական միջավայրում` 1924թ. հիմնադիր սահմանադրության ստեղծումից ի վեր: Նախորդ սահմանադրությունները ստեղծվել էին 1961 եւ 1980թթ. ռազմական հեղաշրջումների ժամանակ:
Թուրքաբնակ հրեուհի Մարի Լոկեր-Գորմեզանոյի կարծիքով` ընթացիկ քաղաքական պայմանները նպաստավոր չեն նոր Սահմանադրության վերաբերյալ ճիշտ որոշումներ ընդունելու համար, այն դեպքում, երբ Թուրքիան պետք է առաջին հերթին կենտրոնանա Քրդական բանվորական կուսակցությանը օրենքից դուրս հայտարարելու խնդրի վրա:
Միաժամանակ` Ջեբեջին ավելացրել է, որ իրենք երբեք չեն հրաժարվի Լոզանի համաձայնագրով ազգային փոքրամասնություններին տրված արտոնություններից, եթե նոր Սահմանադրությունը ոչ մահմադական փոքրամասնությունների կրագվիճակի առումով խնդիրներ առաջացնի:
1923թ. Լոզանի համաձայնագիրը Թուրքիայում պաշտոնապես ճանաչված ոչ մահմեդական փոքրամասնություններին որոշակի իրավունքներ էր տրամադրել, այդ թվում` սոցիալական, կրոնական եւ բարեգործական հաստատությունների ազատ ստեղծման եւ կառավարման իրավունք` մայրենի լեզվի օգտագործման եւ կրոնական ծեսերի անցկացման համար:

No comments: