«Լրագիր» 15-11-2011- Հայաստանն ընդունել է արդյունաբերության զարգացման ռազմավարություն: Սերժ Սարգսյանը արտերկրի հայտնի բիզնես-դեմքերի հետ հանդիպումներում հայտարարում է, որ Հայաստանը պետք է դառնա արդյունաբերական աշխարհի մաս: Նա այդ մասին հայտարարում է նաեւ արդյունաբերողների եւ գործարարների միության համագումարում: Վարչապետ Տիգրան Սարգսյանը հայտարարում է արդյունաբերական զարգացման հեռանկարների, Հայաստանի արդյունաբերական ապագայի մասին: Նրանց ընդօրինակելով, նույնի մասին խոսում են նախարարներ, իշխանամերձ գործարարներ:Մինչդեռ այդ ամենի մեջ հասունանում է, բայց կարծես թե չի հնչում մի պարզ հարց: Իհարկե շատ հարցեր են հասունանում, բայց այդ մեկը թերեւս հատկապես հետաքրքրական է. արդյունաբերական հսկայական ծրագրեր կազմող Հայաստանի իշխանությունը, որ հավակնություններ է ներկայացնում գրեթե բոլոր, այդ թվում եւ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում, հետաքրքրվում է արդյոք, թե ինչ վիճակում են Ռուսաստանի պարտքի դիմաց հանձնված մեր արդյունաբերական ձեռնարկությունները:
Չէ որ հանձնվել են կառույցներ, որոնք կարող էին լինել ժամանակակից արդյունաբերության հենք, համենայն դեպս երեւի թե ոչ պակաս, քան ասենք այն հենքերը, որոնց վրա Հայաստանի իշխանությունը կառուցում է իր պլանները:
Ինչ վիճակի են Մարս գործարանը, Մերգելյան ինստիտուտը: “Գույք պարտքի դիմաց” գործարքը տեղի ունեցավ 2001 թվականի սեպտեմբերին, երբ պաշտոնական այցով առաջին անգամ Հայաստան ժամանեց ՌԴ նախագահ Պուտինը: “Ռոբերտ Քոչարյանը շատ առաջադեմ մարդ է”, հայտարարեց Պուտինը մամուլի ասուլիսի ժամանակ, հայտնելով, որ գործարքի գաղափարը պատկանում է Քոչարյանին:
Անցել է արդեն տասը տարի: Տասը տարվա ընթացքում երեւի թե մի տասը անգամ հայտարարություններ են եղել, թե ռուսական կողմն ուր որ է գործարկելու է ստացած ձեռնարկությունները, աշխատատեղեր է ապահովելու Հայաստանի համար: Բայց տասը տարվա ընթացքում, այդ ուղղությամբ երեւի թե տասը արդյունավետ քայլ էլ չի կատարվել:
Իսկ գործարքը եւ ձեռնարկությունների ճակատագիրը կարծես թե պատված են լռության քողով, եւ դրանց մասին խոսվում է միայն, երբ հիշում են լրագրողները: Մինչդեռ Հայաստանի Հանրապետության արդյունաբերական կարողությունների մի զգալի մաս մատնված է պարապուրդի: Այդ մասը, որքան էլ լինի հնացած, որքան էլ լինի ժամանակակից համարժեք արդյունաբերությունից հետ ընկած, այդուհանդերձ թերեւս ոչնչով վատը չէ արդյունաբերական այն հզորություններից, որ այժմ կան Հայաստանում, գործում են եւ որոնց վերաբերյալ կազմվում են հրապարակային մեծ ծրագրեր:
Հայաստանի իշխանությունն արդյոք պահանջներ ներկայացնում է Ռուսաստանին, արդյոք փորձում է Ռուսաստանից հետաքրքրվել, թե ինչ խնդիր կա ձեռնարկությունների վերագործարկման հետ կապված, ինչու է այդ գործընթացը արգելակված, կամ եթե առաջ է գնում, երբ կհասնի տեղ: Թե՞ Հայաստանի իշխանությունն իրավունք չունի հարցնել այդ մասին, կամ չունի համարձակություն, որովհետեւ Մոսկվան կարող է բարկանալ ավելորդ հարցերից:
Մյուս կողմից թվում է, որ ձեռնարկություններն արդեն Ռուսաստանինն են, հետեւաբար Հայաստանի իշխանությունն այստեղ հարցնի, թե չհարցնի, ոչինչ անել չի կարող: Իրավական առումով՝ գուցե: Բայց, քաղաքական առումով դրանից բխում են այլ անհրաժեշտ քայլեր:
Նախ, պետք է քաղաքական իմաստով տրվի գործարքի գնահատականը, որպեսզի Հայաստանում ձեւավորվի պետական գույքն այլ պետության օտարելու քաղաքական պատասխանատվության ինստիտուտ: Նաեւ, թերեւս պետք է ձեւավորվի այդ հարցում իրավական պատասխանատվության ինստիտուտ, որպեսզի օտարող իշխանությունը գիտենա, որ ասենք 10 կամ 30 տարի հետո էլ ինքը քաղաքական, իսկ արդյունքի որոշակի սահմանումներից անցնելու դեպքում էլ` իրավական պատասխանատվություն է կրելու իր գործողությունների համար:
ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment