Thursday, November 17, 2011

Քոնդոլիզա Ռայսի հուշերը ռուս-վրացական պատերազմի մասին. Այնպես բարկացա Սահակաշվիլիի վրա, որ անգամ խոսել չէի կարողանում

News.am. 17-11-2011- 2008-ի օգստոսին, Միխայիլ Սահակաշվիլին պատերազմ սկսելու հարցում Ռուսաստանին թույլ է տվել իրեն սադրանքի ենթարկել: Այս մասին իր հուշերում գրել է ԱՄՆ նախկին պետքարտուղար Քոնդոլիզա Ռայսը, հաղորդում է վրացական «Պիրվելի» գործակալությունը։
Ռայսը նկարագրում է ռուս-վրացական պատերազմից առաջ իր հանդիպումը Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլիի հետ։
«Նա հպարտ է եւ իմպուլսիվ, նա հրաշալիորեն կարողացավ հակամարտություն սադրել Վրաստանի տարածաշրջանում՝ Աջարիայիում, որից օգուտ քաղեց, երբ ներքին եւ միջազգային ճնշմամբ տեղի ունեցավ այդ տարածաշրջանի վերաինտեգրումը Վրաստանի հետ։ Մենք վախենում էինք, որ այս նախադեպը Սահակաշվիլիի համար մտածմունքի առարկա կհանդիսանա եւ նա նույնը կձգտի իրականացնել Պուտինի սիրելի Սոչիի մոտակայքում գտնվող տարածաշրջանի հետ»,-գրում է ԱՄՆ նախկին պետքարտուղարը:

Նա նաեւ նշում է, որ Սահակաշվիլիին կոչ է արել Ռուսաստանի հետ ուժ չկիրառելու վերաբերյալ համաձայնագիր ստորագրել, սակայն Վրաստանի նախագահը հրաժարվել է։
«Պարոն նախագահ, ինչ էլ անեք, բայց թույլ մի տվեք Ռուսաստանին Ձեզ սադրանքի ենթարկել։ Հիշո՞ւմ եք ԱՄՆ-ի նախկին նախագահ Ջորջ Բուշն ասաց, որ Ռուսաստանը կձգտի, որ դուք անեք ինչ որ անհեթեթություններ: Ոչ մի դեպքում դեմ դուրս չգաք Ռուսաստանի զինուժին, ոչ ոք ձեզ չի գա օգնելու եւ դուք կպարտվեք»,-գրել է նա։
Նա նաեւ նշել է, որ չնայած Վրաստանի միակողմանի կրակի դադարեցման հանգամանքին, Հարավային Օսիայի ամբոխները շարունակում էին պայթեցնել վրացական գյուղերը, եւ ի պատասխան դրան, վրացի զինված ուժերը սկսեցին իրենց ռազմական հարձակումը։
Ռայսն իր հուշագրում հիշում է նաեւ իր եւ Սահակաշվիլիի կողմից անցկացրած միասնական մամուլի ասուլիսը եւ գրում, որ նա Սահակաշվիլիին խորհուրդ է տվել ասուլիսի ժամանակ շնորհակալություն հայտնել եվրոպացիներին եւ ամերիկացիներին, խրախուսական խոսքեր հնչեցնել վրացի ժողովրդին, իսկ Ռուսաստանի վերաբերյալ մեկնաբանությունները թողնել իրեն։
‹‹Ասուլիսը ծանր սկսվեց։ Սահակաշվիլին անգլերեն փայլուն է խոսում, գիտեի որ դա խնդիր չէր կարող հանդիսանալ։ Հանկարծ նրա տոնայնությունը ագրեսիվացավ, նա ռուսներին սկսեց բարբարոսներ անվանել եւ նրանց կոչ էր անում տանկերը հեռացնել իրենց տարածքից։ Ես սպասում էի, որ նա Ռուսաստանի նկատմամբ նման խոսքեր կհնչեցնի, սակայն հետո նա անցավ եվրոպացիներին; Ես այնպես բարկացա Սահակաշվիլիի վրա, որ անգամ չէի կարողանում խոսել»,-իր հուշերում նշել է Ռայսը։

No comments: