Wednesday, November 9, 2011

Ադրբեջանը պետք է բարելավի մարդու իրավունքների վիճակը. ՄԱԿ-ի փորձագետ

Ադրբեջանական Turan լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ՄԱԿ-ում Human-Rights Watch կազմակերպության ներկայացուցիչ Ֆիլիմ Բոլոպիոնը հայտարարել է, որ, որպես ՄԱԿ ԱԽ ժամանակավոր անդամ, Ադրբեջանը պետք է բարելավի մարդու իրավունքների պաշտպանության հարցը.
«Խոսքը զրպարտության պատժի ապաքրեականացման, քաղբանտարկյալների ազատ արձակման, ազատ հանրահավաքների ու ասոցիացիաների ապահովման, ինչպես նաև ազատ արտահայտվելու և կրոնական ազատությունների մասին է։

Որպես ՄԱԿ ԱԽ ժամանակավոր անդամ՝ Ադրբեջանը ստիպված է լինելու բախվել այնպիսի ծանր խնդրի հետ, ինչպիսին է աշխարհում մարդու իրավունքների խախտումը և ամենագլխավորը՝ մարդու իրավունքի խախտումից տուժածների պաշտպանության օգտին քվեարկելը։
Շատ երկրներ ՄԱԿ ԱԽ-ի ժամանակավոր անդամակցությունը դիտարկում են որպես իրենց կարգավիճակի բարձրացման հնարավորություն՝ փորձելով ավելի կարևոր դեր խաղալ գլոբալ հարցերում։ Սակայն չպետք է մոռանալ, որ ՄԱԿ ԱԽ-ին անդամակցությունը նշանակում է ավելի ու ավելի մեծ պատասխանատվություն՝ ներառյալ համընդհանուր մարդկային արժեքների ու սպառնալիքի տակ գտնվող ժողովուրդների պաշտպանությունը։
Ադրբեջանը, որը շարունակ փորձում է ստանալ Արևմուտքի աջակցությունը, պետք է ավելի քիչ ջանքեր գործադրի այդ ուղղությամբ՝ փոխարենը աջակցություն որոնելով իր ժողովրդի մոտ։ Մարդկանց իրավունքների ապահովումը ոչ միայն կբարելավի իշխանությունների իմիջը, այլև էականորեն կբարելավի շարքային քաղաքացու կյանքը»։
Հիշեցնենք, որ Ադրբեջանը ՄԱԿ-ի ԱԽ ժամանակավոր անդամ է ընտրվել այս տարվա հոկտեմբերի 24-ին։ Այն ուժի մեջ է լինելու 2012 թվականի հունվարի 1-ից մինչև 2013 թվականի դեկտեմբերի 31-ը։

No comments: