Monday, November 21, 2011

Եվրոպացի փորձագետ. ՄԱԿ-ի ԱԽ-ում Ադրբեջանի ներկայությունը փոխում է ղարաբաղյան հակամարտության կարգավորման պատկերը

News.am. 20-11-2011- Լեռնային Ղարաբաղի շուրջ իրավիճակը ներկայումս բավականին փխրուն է: Այս մասին «ԱրմԻնֆո» գործակալությանը տված հարցազրույցում ասել է Ստոկհոլմի խաղաղության խնդիրների ուսումնասիրման ինստիտուտին (SIPRI) կից հակամարտությունների կառավարման եւ զինված հակամարտությունների ծրագրի ղեկավար Նեյլ Մելվինը: Նրա խոսքով` այն ջանքերը, որը գործադրեց Ռուսաստանը ԵԱՀԿ Մինսկի խմբի հետ, հաջողությամբ չպսակվեցին:
«Ռուսաստանին չհաջողվեց ճեղքում իրականացնել, եւ գոյություն չունի հստակ այլընտրանքային գործընթաց, որը կարող է հակամարտության խաղաղ կարգավորման օրակարգն առաջ տանել: Սա հանգեցրել է նրան, որ միջազգային հանրությունը որոշակի անհանգստություն է հայտնել բռնության ռիսկի առնչությամբ: Իսկ փաստը, թե Ադրբեջանը տեղ է զբաղեցնելու ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում, նոր գծեր է հաղորդում գոյություն ունեցող իրավիճակին»,-հայտարարել է փորձագետը:
Նեյլ Մելվինի կարծիքով` քիչ հավանական է, որ ՄԱԿ-ում Ղարաբաղի վերաբերյալ Ադրբեջանի միակողմանի նախաձեռնությունը ճեղքման բերի. «Բացի այդ, դա կարող է ավելի ապակայունացնել իրավիճակը: Միաժամանակ` չշահագրգռված երրորդ կողմի, ինչպիսին կարող է լինել ՄԱԿ-ը, առավել լայն ներգրավվածությունը, կարող է որոշակի նոր դինամիկա հաղորդել խաղաղ բանակցություններին, որոնք փակուղի են մտել: Արժե ուշադրություն դարձնել, որ Ռուսաստանը սկզբում անհանգստանում էր նման զարգացումով, քանի որ ընդհանուր առմամբ խոչընդոտում էր ՄԱԿ-ի ներգրավվածությանը հետխորհրդային տարածքի հակամարտություններում` չցանկանալով ռիսկի ենթարկել դրանք իր շահերին համապատասխան լուծելու ունակությունը»,-հայտարարել է Մելվինը:

No comments: