Monday, November 21, 2011

Կիպրոսի թուրքական հատվածում գտնվող Սուրբ Մակար վանքն ամբողջական ոչնչացման եզրին է

News.am. 20-11-2011- Կիպրոսի թուրքական հատվածում գտնվող Սուրբ Մակար վանքն ամբողջական ոչնչացման եզրին է: Ռուսական «Ռեգնում» գործակալությունը, վկայակոչելով Cyprus mail պարբերականը, հաղորդում է, որ վանդալներն այն աղբանոցի են վերածել և որ հայերի ուխտատեղին շուտով հողին է հավասարվելու:
Պատմաբանները նշում են, որ վանքը հիմնադրվել է 1000 թ. ՝ ղպտի քրիստոնյաների կողմից՝ 4 դարում Եգիպտոսում ապրած Սուրբ Մակար Ալեքսանդրացու հիշատակին: 1425 թ. վանքն անցել է Հայկական եկեղեցու սեփականության ներքո և հայերի համար ուխտատեղի դարձել: Հայոց ցեղասպանության տարիներին վանքը հայ փախստականների համար ապաստան է ծառայել:
Մինչև1974թ. թուրքերի ներխուժումը վանքը հայերի համար էքսկուրսիայի լավագույն վայր է հանդիսացել. թուրքական զորքերի ներխուժումից հետո, սակայն, վանքն ավերվել է, իսկ այսօր արդեն աղբանոցի վերածվել:
Կիպրահայ համայնքի առաջնորդ Վարդգես Մահդեսյանն ասել է, որ իրենք բազմիցս դիմել են տեղի իշխանություններին՝ վանքը վերականգնելու խնդրանքով: «Մենք փորձել ենք, բայց նրանք գումար չունեին: Վանքից գրեթե ոչինչ չի մնացել, և այսօր մեր խնդիրն է պահպանել այն, ինչ մնացել է»,-ասել է նա:
1974 թ. կիպրացի հույների և թուրքերի միջև բախումներից հետո Թուրքիան գրավեց կղզու մեկ երրորդը և թուրք-կիպրական կառավարություն ստեղծեց կղզու հյուսիսում ու այն ճանաչեց որպես անկախ հանրապետություն։

No comments: