Friday, November 11, 2011

Վրաստանը երբեք այսքան մոտ չի գտնվել իր դարավոր երազին. Սաակաշվիլի

1in.am. 11-11-2011- Грузия Online ի փոխանցմամբ՝ Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին Բաթումում տեղի ունեցած Վրաստան-ՆԱՏՕ հանձնաժողովի նիստի ժամանակ հայտարարել է, որ Վրաստանը հպարտանում է իր զինծառայողներով, որոնք քաջ գիտեն, թե Աֆղանստանում ինչի համար են պայքարում.
«Վրաստանը դեռ երկար ճանապարհ ունի անցնելու՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու համար, և այդ ճանապարհն ամենևին էլ հեշտ չէ։ Սակայն այդ հարցում Վրաստանին ոչինչ չի կանգնեցնի։ Վրաստանը երբեք ՆԱՏՕ-ին այսքան մոտ չի գտնվել, որքան այսօր։
Վրաստանը գոհ է ՆԱՏՕ-ի հետ հարաբերությունների ինտեսիվությունից։ Վերջին երեք տարիներին ՆԱՏՕ-ի երկու նիստեր են տեղի ունեցել Վրաստանում։ Այժմ ես հրավեր եմ ստացել մասնակցելու Բրյուսելում կայանալիք այդ կառույցի հերթական նիստին։
Բազմադարյա պատմության ընթացքում մենք երբեք այսքան մոտ չենք գտնվել մեր դարավոր ձգտմանը։ Մենք արդեն կարող ենք շոշափել մեր դարավոր երազն ու ձգտումը՝ Եվրոպական տունը, այս դեպքում՝ եվրատլանտյան տիրույթը։ Դա վրաց ժողովրդի վաղեմի բնազդն է՝ գտնվել մեծ, քաղաքակիրթ եվրոպական միավորման, այս դեպքում՝ եվրատլանտյան միավորման կողքին»։
Հիշեցնենք, որ այս տարեսկզբին Սաակաշվիլին հայտարարել էր, որ ՆԱՏՕ-ին Վրաստանի անդամակցությունը միայն ժամանակի խնդիր է։

No comments: