Friday, November 11, 2011

Հայաստանի դերը աճում է ու լրջանում

Հայաստանը հետաքրքրություն է ներկայացնում որպես երկիր, որը գտնվելով քաղաքական ու տնտեսական բարդ պայմաններում, կարողացել է նշանակալի հաջողությունների հասնել պետական ու ռազմական շինարարության ու տնտեսական զարգացման մեջ: Հայաստանին «կովկասյան վիշապ» են համարել, սակայն պետք է հասկանալ, որ հայերին հատուկ է չափազանցնել սեփական հաջողությունները:
Իրականության մեջ, տնտեսական ու սոցիալական վիճակը մնում է ծանր: Դրա հետ մեկտեղ, ռազմական ոլորտում հաջողությունները նույնպես կասկածելի են: Ռուսաստանի հետ ռազմական համագործակցությունը չբերեց ժամանակակից զինված ուժերի կառուցման: Կան բազմաթիվ խնդիրներ, որոնք լուծված չեն հենց Ռուսաստանի հետ միակողմանի համագործակցության պատճառով: Հայաստանի զինված ուժերն արխայիկ են, չեն համապատասխանում ժամանակակից պաշտպանության պահանջներին:
Հայաստանը չափազանց բարձրացրել է պաշտպանական զարգացման նշաձողը, ինչը չի համապատասխանում երկրի տնտեսական զարգացմանը եւ մարդկային ռեսուրսներին: Ռազմական փորձագետների կարծիքով, խնդիրը, որ պետք է լուծի Հայաստանի Զինված ուժերը, պահանջում է ոչ պակաս 100 հազար անձնակազմ, զգալիորեն ավելի բազմաքանակ ռազմաօդային ու զրահատանկային ուժեր: Հայաստանը, գտնվելով սուր դիմակայության մեջ, ի վիճակի չէ դիմանալ տարածաշրջանում սպառազինության մրցավազքին: Տվյալ խնդիրները լուծելու համար Հայաստանը պետք է կրկնապատկի ռազմական ծախսերը: Նույնիսկ սփյուռքի օգնությամբ դա հնարավոր չէ:
Հայաստանի քաղաքականությունը պետք է ենթադրի սպառազինությունների մրցավազքի բացառումը եւ անցնի տարածաշրջանում հարաբերությունների այլ ռեժիմի:
Միեւնույն ժամանակ, Եվրոպայում եւ ԱՄՆ-ում Հայաստանը դիտարկվում է որպես միակ լուրջ ռազմական գործընկեր Հարավային Կովկասում, որից կարող է կախված լինել կայունությունն ու անվտանգությունը: ՆԱՏՕ-ի հետ Հայաստանի գործընկերային հարաբերությունը կարող է հանգեցնել բազմաթիվ ոչ միայն տարածաշրջանային, այլեւ ռազմավարական բնույթի խնդիրների լուծման:
Հարավային Կովկասում Հայաստանի հարեւանները պակաս կազմակերպված ու դինամիկ են պաշտպանության ոլորտում: Բավարար զենքի առկայության պարագայում, Հայաստանը շատ հեշտ կարող է Ադրբեջանի ռազմական հաջողության հնարավորությունը զրոյացնել: ՆԱՏՕ-ում հետաքրքրությամբ են դիտարկում Հայաստանը, որպես մի երկիր, որը կարող է ապահովել ուժերի հավասարակշռությունը տարածաշրջանում, ինչպես նաեւ՝ գործընկեր տարբեր տարածաշրջաններում հատուկ գործողություններ անցկացնելու հարցում: ՆԱՏՕ-ում Հայաստանի հետ են կապում Հարավային Կովկասում ինտեգրման որոշ հարաբերությունների կառուցումը:
Հայաստանը, մի կողմից, անհամեմատ կայուն է, քան Վրաստանը, եւ զգալիորեն ավելի ժողովրդավարական, քան Ադրբեջանը: Այս իրավիճակը հայաստանի ղեկավարներին հնարավորություն է տալիս սեփական երկիրը ներկայացնել առավել բարենպաստ լույսի ներքո: Սակայն, հայաստանում ժողովրդավարության ներկայիս վիճակը չի կարող նորմալ ճանաչվել: Հայաստանի քաղաքական ռեժիմը դիտարկվում է որպես ավտորիտար, կլանների ու օլիգարխների ուժեղ դիրքերով: Միայն ստվար ինտելիգենցիայի ու քաղաքական դասի լայն շերտերի առկայությունն է նպաստում երկիրը ժողովրդավարության որոշ մակարդակում պահելուն: Սակայն, անշուշտ, Հայաստանը քաղաքացիական հասարակության ու դեմոկրատական ինստիտուտների զարգացման լավ հեռանկարներ ունի:
Ղարաբաղի խնդիրը բավական հասկանալի է եվրոպացիների համար: Ձեւավորվել է ընկալում, ըստ որի տվյալ խնդրի լուծումն անհնար է Ադրբեջանի տարածքային ամբողջականության սկզբունքի պայմաններում, սակայն բացակայում է այն բանի ընկալումը, թե ինչպես Ադրբեջանին ստիպել ընդունելու նոր իրողությունները: Եվրոպական հանրությունը եւ ԱՄՆ գործնականում հանգեցին Ալբանական Կոսովոյի ու Հյուսիսային Կիպրոսի ճանաչմանը: Դրա համար ամենաքիչ խոչընդոտները կան: Ըստ ամենայնի, Լեռնային Ղարաբաղում հայկական պետական կազմավորումը համապատասխանում է լուծման տվյալ մոդելին: Սակայն, դժվար թե Եվրոպան պատրաստ է ընդունել տվյալ լուծումը եւ սպասում է ԱՄՆ նախաձեռնությանը: Տվյալ լուծումը «դրված չէ սեղանին», սակայն ենթադրվում է:



Հարավային Կովկասի հանդեպ Ֆրանսիայի քաղաքականությունը կարող է դառնալ Եվրամիության քաղաքականության ու դիրքորոշման անմիջական արտահայտությունը, սակայն Ֆրանսիան պատրանքներ չունի Վրաստանի ու Ադրբեջանի հետ հարաբերությունների զարգացումն արագացնելու մասով, իսկ Հայաստանը դիտարկվում է որպես Թուրքիային զսպելու կարեւոր գործոն, ինչը համապատասխանում է այն առաջնահերթություններին, որոնք կազմում են ԱՄՆ տարածաշրջանային քաղաքականությունը, եւ Ռուսաստանի շահերին՝ Սեւծովյան-Կովկասյան տարածաշրջանում: Ակնհայտ է, որ որքան խորանան Եվրամիության հարաբերությունները Հարավային Կովկասի երկրների հետ, այնքան կաճի Հայաստանի դերը որպես որոշ ոչ հրապարակային քաղաքական նպատակների համար գործընկերոջ:
Իգոր Մուրադյան

No comments: