Thursday, November 24, 2011

«Հաջորդ դասը»

«Լրագիր» 24-11-2011- ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանը իր վերջին հարցազրույցում, պատասխանելով խորհրդարանի առաջիկա ընտրությանը ԲՀԿ մասնակցության մասին հարցին, նախագահական ընտրության վերաբերյալ հարցին ի պատասխան ասել էր՝ «մնացածը հաջորդ դասին»:
Քաղաքացի Հարություն Առաքելյանը, «բաց ֆաքս» հղելով վարչապետ Տիգրան Սարգսյանին, որում հարցադրումներ է անում Նաիրիտ գործարանի հետ կապված կասկածելի գործարքների վերաբերյալ, նամակն ավարտում է «մնացածը հաջորդ դասին» բառերով:
«Հաջորդ դասը» կարծես Հայաստանում դառնում է ներքաղաքական զարգացումների առանցքը: Դժվար է ասել, արդյոք Հայաստանի քաղաքական դասը լավ է սերտել «ներկայիս դասը», եւ դրա համար էլ վստահ խոսում է հաջորդ դասի մասին: Դրանից իրականում շատ բան է կախված, հատկապես՝ հաջորդ դասի «արդյունավետությունը»: Ամեն դեպքում, հաջորդ դասը խոստանում է լինել առավել հետաքրքիր ու բովանդակալից:
Խնդիրը միայն այն չէ, որ քաղաքական դասը որոշել է «դաս տալ» մեկը մյուսին: Խնդիրն այն է, թե այդ դասը որքանով է համարժեք այն իրողություններին ու զարգացումներին, որոնք կատարվում են Հայաստանում թե ներքին, ու թե արտաքին առումով: Ըստ այդմ, «հաջորդ դասը» բոլորի համար լինելու է բավական բարդ քննություն, որի ժամանակ արդեն նախկին կանոններն ու հնարքները չեն գործելու:
Հայաստանում դանդաղ, սակայն հետեւողական կազմաքանդվում է ավազակապետությունը հենց դրա կարկառուն ներկայացուցիչների ձեռքով: Ընդհանրապես, նման համակարգերը հնարավոր չէ ապամոնտաժել այլ կերպ, մանավանդ քրեականացված հասարակությունների պարագայում: Ապամոնտաժման գործիք են դառնում հենց համակարգի ներկայացուցիչները: Դա կատարվում է հետեւյալ կերպ. փոքրացվում է «բլիթի» չափը, փակվում են «ավելորդ» ներարկումների ճանապարհները, երկիրը «կոնսերվացվում է» արտաքին խնդիրների առումով, եւ երկրի ներսում համակարգի ներկայացուցիչները պատերազմ են սկսում մղել սահմանափակ ռեսուրսի համար: Այս պատերազմի ժամանակ համակարգը սկսում է դիմել հասարակության, հասարակական կարծիքի օգնությանը, օրենքին ու սահմանադրությանը, խոստանում արդար ընտրություններ եւ այլն: Ինքնին այս գործընթացը բերում է համակարգի առավել թուլացմանը եւ կոշտ դիմակայությանը նրա տարբեր խմբավորումների միջեւ:
Եթե այս գործընթացին մասնակցում է հասարակությունը, ապա այն ավելի է արագանում եւ անցնում փոքր ցնցումներով: Սակայն, ցավոք, Հայաստանում հասարակությունը վերջին տասնամյակում հետեւողականորեն քրեականացվել է, եւ ըստ այդմ լինելու է գործընթացների մասնակից այս կամ այն խմբավորման ճամբարում, ինչը հանգեցնելու է անխուսափելի ցնցումների:
Այնպես որ, «հաջորդ դասը» լինելու է բավական հետաքրքիր:
Հայկ Արամյան

No comments: