Monday, November 21, 2011

ՄՃԽ փորձագետի կարծիքով, ԼՂ հակամարտության մեջ կներգրավվեն Ռուսաստանը, Թուրքիան ու Իրանը

Միջազգային ճգնաժամային խմբի կայքում զետեղվել է կազմակերպության Հարավային Կովկասի ծրագրի տնօրեն Լորենս Շիթսի հարցազրույցը, ով խոսել է հայ-ադրբեջանական հակամարտության գոտում պատերազմի վերսկսման ռիսկերի մասին: Ստորև ներկայացնում ենք հարցազրույցի տեքստը:

-Ո՞րն է վերջին էսկալացիայի շարժիչը:
-Մեծ հույսեր կային, որ Ռուսաստանում հունիսին ՌԴ նախագահ Մեդվեդևի նախաձեռնած Կազանի գագաթաժողովում, որին մասնակցում էին Հայաստանի ու Ադրբեջանի նախագահները, բեկում կմտցնի Հայաստանի ու Ադրբեջանի միջև Լեռնային Ղարաբաղի հարցով արդեն 17 տարի ընթացող բանակցություններում: Ցավոք, մենք բեկում չտեսանք, ու 17 տարի շարունակվող Մինսկի խմբի գործընթացը բավականին դանդաղել է: Բացի այդ, պետք է նկատի ունենալ, որ ըստ էության սպառազինությունների մրցավազքը, ռազմատենչ հռետորաբանությունը, շարունակվող ռազմական ծրագրերը, շարունակվող զորավարժությունները, այս ամենը կողմերի միջև ջերմաստիճանը բարձրացրել են:


-Չհաշված ընթացիկ միջադեպերը, Հայաստանն ու Ադրբեջանը վերջին անգամ ակտիվ պատերազմել են 1994 թվականին: Կարո՞ղ եք ասել, որ սա սառեցված հակամարտություն է, թե՞ դինամիկան կողմերի միջև փոխվել է:
-Կարծում եմ, սառեցված հակամարտություն տերմինը վտանգավոր է, քանի որ այն պատրանք է ստեղծում, թե հակամարտությունը հետևում է ու այլևս վտանգ չի ներկայացնում: Իրականում, սառեցված հակամարտությունները, ինչպես ականատես եղանք 2008 թվականին Վրաստանում, երկարաժամկետ հատվածում կարող են մահացու լինել, միջազգային դերակատարներն ու կողմերն իրենք դառնում են ինքնավստահ: Եվ հենց սառեցված բառն է տանում այդ ինքնավստահությանը:
Իրականում 1994 թվականից ի վեր այնտեղ պարբերաբար ռազմական գործողություններ ու միջադեպեր են տեղի ունենում: Վերջին մեկ-երկու տարում դրանց ինտենսիվությունը մեծացել է: Եթե նախկինում մենք ականատես էինք դառնում միջադեպերի, որոնք թվում էր սահմանափակվում էին հրազենի կիրառմամբ ու շփման գծի երկայնքով փոխհրաձգությամբ, ապա այս տարի մենք իսկապես տեսանք, որ կիրառվում է հրետանի, տեսանք պաշտոնականի նման հայտարարություններ, որ երկու կողմերից էլ ավելի բարդ գործողություններ են իրականացվում: Այս ամենը կրում են ռիսկեր, որ կարող են վերաճել ավելի կազմակերպված, համակարգված ու լայնածավալ ռազմական գործողությունների:

-Այս երկու երկրների միջև լայնածավալ բռնության վերսկսման պարագայում, ի՞նչ եք ակնկալում, ինչպե՞ս կարձագանքեն տարածաշրջանային տերությունները` Թուրքիան, Իրանն ու Ռուսաստանը:
-Մեր մտավախությունն այն է, որ ցանկացած նոր հակամարտություն հակամարտություն չէ միայն Հայաստանի ու Ադրբեջանի միջև: Դա կարող է վերաճել հակամարտության` տարածաշրջանի սուբյեկտների մասնակցությամբ: Առաջին հերթին` անվտանգության հարցում պարտավորությունների գոյության պատճառով` մի կողմից Հայաստանի ու Ռուսաստանի, մյուս կողմից` Ադրբեջանի ու Թուրքիայի միջև, որոնք սերտ համագործակցում են ռազմական ու անվտանգությանն առնչվող հարցերի ոլորտում: Իրանին, իհարկե, բաժանում է Հայաստանի ու Ադրբեջանի հետ ունեցած երկար սահմանը: Կանխատեսել հնարավոր չէ, թե Իրանը ինչպես ու ինչ չափով կներգրավվի, սակայն ակնհայտ է, որ իր սահմանների մոտ հակամարտությունը չի կարող լիովին անտեսել:
Այնպես որ` այս ամենը առավել քան անկանխատեսելի է, և ռազմական գործողությունների որևէ լայնածավալ վերսկսում, անկասկած կբերի կամ հնարավորություն կստեղծի, որ տարածաշրջանային սուբյեկտները ներգրավվեն ու կվերաճի տարածաշրջանային հակամարտության: Նկատի ունեցեք, որ երկու կողմերն էլ 1994 թվականի համեմատությամբ ավելի մեծ քանակությամբ սպառազինություն ունեն` և հարձակողական, և պաշտպանողական: Չի կարելի եզրակացնել, որ դա տարածաշրջանային «հրդեհ» է լինելու: Եվ այս պահն է, որ մենք փորձում ենք ընդգծել:

-Ի՞նչ քայլեր պետք է ձեռնարկել, որպեսզի ներկայիս լարվածությունը թուլանա ու առաջընթաց լինի, ո՞րն է այս հիմնախնդրի մշտական լուծումը:
-Միջազգային հանրությունն ու խաղաղ գործընթացում ներգրավված երկրները կարիք ունեն հավաստիանալու, որ երկու կողմերն էլ հիմքում հանգիստ մոտեցում են ցուցաբերում իրավիճակին, որը շատ հեղհեղուկ է և կարող է ամեն պահի ապակայունանալ: Պետք է նշել, որ ստատուս քվոն, որի պարագայում ադրբեջանական հողերի զգալի մասը հայերի կողմից բռնազավթված է մնում, երկարաժամկետ հատվածում կայուն լինել չի կարող: Ուստի իրավիճակի կայունացման կարճաժամկետ քայլերի հետ համատեղ մենք պետք է դիտարկենք տարբերակներ, թե ինչպես առաջ ընթանանք` չխաթարելով արդեն 17 տարի շարունակվող գործընթացը: Դա ենթադրում է փակուղուց ելք` այնպիսի այլընտրանքային քայլերով, որոնք նախկինում չեն առաջարկվել, նոր մոտեցումներով: Սա պետք է անել: Ստատուս քվոն, ինչպես այժմ, երկարաժամկետ հատվածում կայուն լինել չի կարող:
Աղբյուր` Panorama.am

No comments: