Thursday, November 24, 2011

Հայերը երբեք չեն վախեցել մրցակցությունից, և հայ-թուրքական սահմանի բացումը միայն օգուտ կբերի. ԱՄՆ դեսպան

Tert.am. 23-11-2011- Նոյեմբերի 22-23-ը Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միությունը կազմակերպել էր համաժողով հայ և թուրք գործարարների մասնակցությամբ: Այն կազմակերպվել էր «Աջակցություն Հայաստան-Թուրքիա հարաբերությունների բարելավմանը» ծրագրի շրջանակներում, որն իրականացվում է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության օժանդակությամբ: Համաժողովին մասնակցում էին Թուրքիայի տարբեր քաղաքների բիզնես ոլորտներ ներկայացնող ավելի քան 30 գործարարներ: Համաժողովի ընթացքում ստորագրվել են հուշագրեր հասարակական և գործարար կառույցների միջև: Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանն այսօր նշեց, որ համաժողովին ներկա թուրք գործարարների մեծ մասը պատմական Հայաստանի քաղաքներից էին` Դիարբեքիրից, Կարսից, Էրզրումից։ Դիարբեքիրի գործարարների հետ կնքվել է հուշագիր` հայկական ապրանքները Դիարբեքիր արտահանելու ուղղությամբ:
«Բազմաթիվ թուրք գործարարներ այս համաժողովի ընթացքում հաստատեցին իրենց շահագրգռվածությունը Հայաստանի տնտեսությունը զարգացնելու, հայ-թուրքական սահմանները բացելու և բազմաթիվ կարծրատիպեր վերացնելու ուղղությամբ: Ինչևէ, մենք ցանկանում ենք լեգալ շուկայում աշխատել, անգամ փակ սահմանների առկայության պայմաններում Հայաստանը արգելք չի դրել թուրքական ապրանքների՝ Հայաստան մուտք գործելու համար, բացառությամբ սննդամթերքի որոշ տեսակների, դա էլ՝ անվտանգության նկատառումներով, այդ առումով Թուրքիան պետք է վերանայի հայկական ապրանքների նկատմամբ արգելքը»,- ասաց Ղազարյանը:
ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Հեֆերնը իր ելույթում ասաց, որ այս համաժողովի արդյունքները կնպաստեն Հայաստանի և Թուրքիայի միջև բիզնեսի և աշխատանքայի հարաբերությունների ձևավորման վրա` իրենց նպաստը բերելով երկու պետությունների տնտեսություններին:
«ԱՄՆ-ը խրախուսում է այսօրինակ միջոցառումների իրականացումը, քանի որ այն քաղաքական ուղերձ ունի և նպաստելու է Հայաստանի և Թուրքիայի միջև մերձեցման գործընթացին: Միացյալ Նահանգներն անում է ամեն ինչ, որ այդ մերձեցումը ծավալվի թե քաղաքական միջոցներով, թե կոնֆերանսների միջոցով: Հայերը երբեք որևէ տեղ չեն վախեցել մրցակցությունից, և սահմանների բացումը միմիայն դրականորեն կանդրադառնա երկու պետությունների փոխշահավետ հարաբերությունների վրա: ԱՄՆ-ը միշտ էլ կաջակցի, որ այս գործընթացը տեսանելի արդյունքներ տա»,- ասաց դեսպանը:

No comments: