Thursday, November 24, 2011

Հայ-թուրքական նախագծերի իներցիան

«Լրագիր» 24-11-2011- Թուրքիայի վարչապետ Էրդողանը ներողություն է խնդրել քրդերից Դերսիմի կոտորածների համար: Ի՞նչ էր ուզում դրանով ցույց տալ թուրքական վարչապետը, ելույթ ունենալով իր եւ Աթաթուրքի հսկայական դիմանկարների ֆոնին:
Ըստ ամենայնի, Թուրքիային անկյուն են քշել, դատելով նրանից, որ նման հավակնությունների տեր գործիչը որոշել է ներողություն խնդրել: Ասենք, թուրքական ղեկավարությունն է ինքն իրեն անկյուն քշել, փորձելով միջնորդ լինել բոլոր գլոբալ հարցերում, խցկվելով բոլոր գործերի մեջ եւ պահանջելով իր բաժինը: Արդյունքում ներկայում Թուրքիայի հետ վարվում են որպես մտրակի՝ նախ Քադդաֆիի դեմ, հիմա էլ՝ Ասադի:
Արդյունքում Թուրքիան կորցրեց ոչ միայն քրդերի, այլեւ արաբական աշխարհի վստահությունը, որը համոզվեց, որ Անկարան չի կարող հուսալի դաշնակից լինել եւ ցանկացած պահի հարված կհասցնի թիկունքից:
Օրերս Սլովակիան օրենք է ընդունել, ըստ որի քրեականացվում է հայկական ցեղասպանությունը չընդունելը: Նման օրինագիծ ընդունել է Ֆրանսիայի խորհրդարանը եւ մտցրել Սենատ: Դա արվել է այն բանից հետո, երբ Հայաստանը մերժեց Ալեն Ժյուպեի առաջարկը Թուրքիայի հետ պատմական համատեղ հանձնաժողով ստեղծելու մասին: Ըստ ամենայնի, Ֆրանսիայի նախագահ Սարկոզին այս անգամ չի խոչընդոտի Սենատի կողմից օրինագծի ընդունմանը: Նա ինքն է խոստովանել, որ «թուրքերը միեւնույն է իրեն ատում են»:
Այս ֆոնին հետաքրքիր է Երեւանում հայ-թուրքական բիզնես-համաժողովի անցկացումը, որը կազմակերպվել է USAID աջակցությամբ: Համաժողովին հատկանշական հայտարարություններ արեց ԱՄՆ դեսպանը:
Ջոն Հեֆֆերնը հայտարարեց, որ ԱՄՆ չի հրաժարվել Հայաստանին ու Թուրքիային հաշտեցնելու մտադրությունից, եւ աջակցելու է տնտեսական համագործակցության զարգացմանը:
Իր հերթին, Գերմանիայի դեսպան Հանս-Յոհեն Շմիդտը հայ դպրոցականների հետ հանդիպմանը նշել է, որ միջազգային հանրությունը չի կարող Թուրքիայի վրա այնպիսի ճնշում գործադրել, ինչպիսին եղավ Գերմանիայի պարագայում (հրեաների հոլոքոստի հարցում): «Հայաստանը պետք է ձգտի բացել սահմանը, նույնիսկ եթե Թուրքիան չհամաձայնի ճանաչել պատմական դառը փաստը», ասել է Շմիդտը:
Երեւանի համաժողովի ընթացքում ստորագրվեց համագործակցության վերաբերյալ հուշագիր, որը նույն պահին քննադատության արժանացավ թուրքական ԱԳՆ կողմից: Հայ եւ թուրք գործարարները պայմանավորվեցին լոբբինգ անել սահմանի բացման հարցում:
Կարելի՞ է արդյոք սա համարել ամերիկյան նախագծերի շարունակություն, որոնք սկսել էին Հայաստանի ու Թուրքիայի միջեւ արձանագրությունների ստորագրումից հետո: Այն ժամանակ արեւմտյան դրամաշնորհներով իրականացվեցին նախագծեր մեդիայի, ոչ կառավարական կազմակերպությունների ոլորտում, հայկական կայքերին հայտնվեցին թուրքերեն էջեր, Թուրքիա սկսեցին մեկնել դպրոցականներ եւ ուսանողներ:
Արդյոք այս նախագծերն իներցիայով կշարունակվեն, թե ԱՄՆ որոշել է նոր ազդակներ հաղորդել գործընթացին:
Նաիրա Հայրումյան

No comments: