Thursday, November 24, 2011

Քաոս Հունաստանում. նպաստ ստանալու համար մարդիկ գիտակցաբար ՁԻԱՀ-ով են վարակվում

Tert.am. 24-11-2011- Հունաստանում տնտեսական խորը ճգնաժամի պայմաններում քաղաքացիները տարբեր միջոցների են դիմում պետությունից ֆինանսական աջակցություն ստանալու համար։
Ինչպես տեղեկացնում են հունական լրատվամիջոցները, Հունաստանի առողջապահության նախարար Անդրեաս Լովերդոսը և ՁԻԱՀ–ի դեմ պայքարի հունական կազմակերպության ղեկավար Մարիոս Լազանասը հայտարարել են, որ քաղաքացիների մի մասը, մասնավորապես թմրանյութերից կախվածություն ունեցող երիտասարդները, գիտակցաբար իրենց ներարկում են ՁԻԱՀ վարակ՝ ամսական 700 եվրո նպաստ ստանալու համար։
«Հիմնականում թմրամիջոցներից կախվածություն ունեցող քաղաքացիները գիտակցաբար օգտագործում են ՁԻԱՀ–ով վարակված ներարկիչներ։ Այդ կերպ նրանք կարողանում են ամսական ստանալ 700 եվրո նպաստ»,– ասել է Լազանասը՝ ընդգծելով, որ վերջին ամիսների ընթացքում Հունաստանում ՁԻԱՀ–ով վարակվելու դեպքերը հասել են ահռելի չափերի։
«Այս ամենի բացահայտումը մեզ ուղղակի շոկի մեջ է գցել, սակայն անելու ոչինչ չի մնում, քան մի կողմից բնակչության շրջանում շարունակել իրազեկման արշավը, մյուս կողմից համապատասխան բուժօգնություն տրամադրել հիվանդներին»,– ասել է Մարիոս Լազանասը։
Ավելի վաղ բրիտանացի գիտնականները հայտարարել էին, որ Հունաստանում տնտեսական ճգնաժամը բացասաբար է ազդում երկրի բնակչության առողջական վիճակի վրա։ Գիտնականները փաստել էին, որ ճգնաժամի պայմաններում ավելացել է թմրամոլների և մարմնավաճառների թիվը, ինչն էլ իր հերթին նպաստում է բնակչության շրջանում ՁԻԱՀ–ով վարակվածների թվի աճին։

No comments: