Wednesday, November 23, 2011

Հայ–թուրքական սառեցված հարաբերությունները փչելով չես հալեցնի. Աբդուլլահ Գյուլ

Tert.am. 23-11-2011- Հայաստանի և Թուրքիայի միջև սառեցված հարաբերությունները փչելով չես հալեցնի։ Այս մասին Լոնդոնում թուրք լրագրողների հետ հանդիպմանն ասել է Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը։
«Դժվար հարցերը մեկ քայլով չեն լուծվում։ Իրավիճակն այնքան սառած է, որ փչելով չես հալեցնի։ Մի շարք նախաձեռնությունների անհրաժեշտություն կա։ Մի պահ ժամանակը նպաստավոր էր, սակայն այն կարծիքին եմ, որ հնարավոր չեղավ ամեն ինչ համաձայնեցնել։ Տարածաշրջանում բոլորն իրենց շահն էին հետապնդում այդ գործընթացում։ Առաջ եկան դժվարություններ, սակայն չի կարելի ասել, որ ամեն ինչ մեռած է»,– ասել է Թուրքիայի նախագահը, որը ներկա պահին պաշտոնական այցով գտնվում է Մեծ Բրիտանիայում։
Անդրադառնալով «Ակօս» շաբաթաթերթի խմբագրապետ Հրանդ Դինքի սպանության գործին՝ Աբդուլլահ Գյուլն ասել է, որ ինքը հրահանգել է Պետական վերահսկիչ խորհրդին անել հնարավորինը Դինքի սպանության լիարժեք բացահայտման համար։
«Ես տվել եմ համապատասխան հրահանգ և չեմ միջամտում այդ գործընթացին։ Երբ գործն ավարտվի, ինձ կիրազեկեն։ Այդ գործի առնչությամբ իմ սեղանին առայժմ որևէ թղթապանակ դրված չէ»,– ասել է Աբդուլլահ Գյուլը։

No comments: