Wednesday, November 23, 2011

Հայաստանի դեմ ուղղված տեղեկատվական պատերազմը հակառակ արդյունքն է տալիս. ադրբեջանական մամուլ

News.am. 23-11-2011- Ադրբեջանում Հայաստանի դեմ ուղղված, այսպես կոչված, տեղեկատվական պատերազմը հակառակ արդյունքն է տալիս: Այս մասին գրում է ադրբեջանական Gafgazinfo.az կայքի թղթակից Ասեֆ Գուլիեւը, մեկնաբանելով, մասնավորապես, Ադրբեջանի պաշտոնյաների այն հայտարարությունները, թե «եթե հայերը դեպի Ղարաբաղ ավիաչվերթներ իրականացնեն, ապա Ադրբեջանի ԶՈւ Գլխավոր հրամանատարությունը, Ադրբեջանի ժողովուրդը անհրաժեշտ գործողություններ կձեռնարկի»:
Հիշեցնենք, որ նման հայտարարությամբ, վերջերս հանդես է եկել, այսպես կոչված, «Ղարաբաղի ադրբեջանական համայնքի» ղեկավար Բայրամ Սաֆարովը:
Ասեֆ Գուլիեւը իր հոդվածում ներկայացնում է Ադրբեջանի կողմից մղվող տեղեկատվական պատերազմի հիմնական բնորոշիչները:
«Նախ, բոլորը մի բան են ասում «Եթե Գերագույն հրամանատարը հրաման տա, ապա մենք պատրաստ ենք հարձակման», կամ էլ «Եթե հրաման լինի, մենք դուրս կշպրտենք հայերին Ղարաբաղից»: Ես դրանք աննորմալ հայտարարություններ եմ համարում: Այնպիսի տպավորություն է, որ բոլոր ուժերը պատրաստ են հարձակման, սակայն Գերագույն հրամանատարն այդպես էլ հրաման չի տալիս: Կարծես թե նա չի կարծում, որ անհրաժեշտ է Ղարաբաղը հիմա հետ վերցնել: Այս աննորմալ երեւույթներն ամբողջությամբ հակառակ արդյունքի են հանգեցնում: Մեկ այլ սխալ քայլ. մեկ ամիս առաջ տեղեկություններ տարածեցին, թե քարե պատ են կառուցելու ղարաբաղա-ադրբեջանական սահմանի վրա, սակայն դա միայն բացասական հետեւանքներ ունեցավ: Դա օգտագործվեց հայերի կողմից` ցույց տալու, որ Ադրբեջանը վախենում է հայ զինվորից»,-նշել է Գուլիեւը:
Սաֆարովի հայտարարության առնչությամբ Գուլիեւը հայտնել է իր մտահոգությունը` նշելով, որ Ադրբեջանն իրավունք չունի հարվածել քաղաքացիական օդանավերին: Նա նաեւ նկատում է, որ եթե Ադրբեջանը նման հնարավորություն ունենար, ապա նախ կռմբակոծեր Ղարաբաղ թռչող ռազմական օդանավերը:

«Իսկ նման հայտարարությունները տգիտության եւ անտեղյակության արդյունք են»,-եզրափակել է Գուլիեւը, հաղորդում է Gafgazinfo.az-ը:

No comments: