«Լրագիր» 28-11-2011- Լեւոն Տեր-Պետրոսյանի հայտարարությունն այն մասին, որ Հայ ազգային կոնգրեսում կոնսենսուս չկար ՀՀԿ-ԲՀԿ թեմայի վերաբերյալ իր հայտարարություններն անելու հարցում, եւ ինքն ինչ ասում է, ասում է որպես անհատ եւ միայնակ է կրում պատասխանատվությունը դրա համար, հետաքրքրել է շատերին:Շատերն են արձանագրում, որ Տեր-Պետրոսյանը փաստացի առաջին անգամ հրապարակավ խոստովանում է, որ այդ հարցում չկար ներկոնգրեսական կոնսենսուս:
Զարմանալին թերեւս այն է, որ այդ կոնսենսուսի բացակայության մասին առայժմ արտահայտվել է միայն Տեր-Պետրոսյանը: Եվ փաստացի հայտնի չէ, թե օրինակ ով նրա հետ համաձայն չէ:
Արտահայտվել է Տեր-Պետրոսյան անհատի կարծիքը, մինչդեռ ուրիշ անհատներ, որոնք ենթադրաբար պետք է այսպես ասած կազմեն այդ կոնսենսուսի բացակայությունը, չեն արտահայտվել: Բնական է չէ, որ Տեր-Պետրոսյանի հետ ոչ թե ասենք Կոնգրեսի կենտրոնական գրասենյակի կահույքը, այլ ինչ որ մարդիկ համաձայն չեն:
Ուր են այդ մարդիկ, ովքեր են, ինչու համաձայն չեն, ինչին համաձայն չեն, ինչքան համաձայն չեն: Միթե արտահայտվելու իրավունք ունի միայն Տեր-Պետրոսյանը:
Չէ որ որպես հասարակական, համաժողովրդական հրապարակային կառույց, Կոնգրեսը պետք է հանրությանը ներկայանա իր մեջ եղած կարծիքների բազմազանությամբ, որից հետո ասենք հանրությունը կարող է բացականչել արդեն ոչ թե Լեւոն, Լեւոն, այլ որեւէ ուրիշ անուն, պահանջելով, որ Կոնգրեսի առաջնորդը զիջի իր տեղը, քանի որ շեղվել է հանրային կուրսից: Կամ էլ, լսելով այլոց, այսպես ասած անհամաձայններին, հանրությունը կարող է ավելի ուժգին վանկարկել Լեւոն, Լեւոն, որպեսզի իր առաջնորդը վստահ լինի, որ ամենեւին էլ միայնակ չէ, որ կրելու է իր մոտեցման պատասխանատվությունը, եւ հանրությունն իր մեջքին է եւ ինքը կարող է շատ ավելի համարձակ լինել ներքին կոնսենսուսի բացակայության պայմաններում:
Չէ որ ցանկացած քաղաքական ուժի համար կարեւորագույն «կոնսենսուսը» հանրության հետ համաձայնությունն է՝ կարեւոր չէ, թե ովքեր եւ ինչ են մտածում այդ քաղաքական ուժի ներսում, կարեւոր է, թե ում մտածածն է առավելագույնս ներդաշնակ հանրության մտքի հետ:
Բայց, Կոնգրեսի առաջնորդը առայժմ միայն հայտարարել է կոնսենսուսի բացակայության մասին, ու Կոնգրեսը լռել է:
Իսկ գուցե լռության պատճառն այն է, որ ոչ մի կոնսենսուսի բացակայություն էլ չկա, պարզապես Տեր-Պետրոսյանը, որպես իսկական առաջնորդ, «կրակը վերցրեց իր վրա». նա անշուշտ չէր կարող չգիտակցել, թե ինչ ոչ պոպուլյար կամ անակնկալ բան է լինելու ԲՀԿ հետ գործակցության մասին այդպես բաց տեքստով խոսելը: Հետեւաբար, Տեր-Պետրոսյանը որոշեց կոնսենսուսի մասին հայտարարությամբ հնարավորինս անհատականացնել իր կարծիքը, չտարածել այն Կոնգրեսի վրա, որպեսզի եթե հանկարծ հասարակությունը լուրջ դիմադրություն ցույց տա այդ մոտեցմանը, հնարավոր լինի անիվը հետ շրջել եւ փոխել մոտեցումը:
Մի բան է, երբ Տեր-Պետրոսյանն ասի, թե գիտեք ես այդպես էի մտածում, բայց մեր հազարավոր համակիրները ինձ ստիպեցին հետ կանգնել իմ կարծիքից եւ գնալ այն հունով, որով իրենք են պահանջում: Ի վերջո, Տեր-Պետրոսյանն անշուշտ տիրապետում է հանրահավաքային տեխնոլոգիաներին եւ կարող է ասենք հասարակական ֆորումի հերթական դրսեւորումն իրականացնել եւ անել այնպես, որ ֆորում-հանրահավաքի որոշմամբ ինքը վերադառնալ այսպես ասած նախաԲՀԿ-ական հուն:
Եվ այլ բան է, երբ այդ մոտեցման կրողը պաշտոնապես լինի Կոնգրեսը, իսկ չաշխատելու դեպքում էլ հարկ լինի Կոնգրեսը վերադարձնել «ելման դիրք»:
Հնարավոր է, որ կոնսենսուսի ոչ մի բացակայություն էլ չկա, այլ դա ընդամենը մարտավարական հնարք էր, որը Տեր-Պետրոսյանին թերեւս կօգնի առավել հեշտ կրել այն պատասխանատվությունը, որի մասին խոսում էր հայտարարությունն անելուց առաջ:
ՋԵՅՄՍ ՀԱԿՈԲՅԱՆ

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment