Thursday, November 17, 2011

Ք.Էշթոն. «ԵՄ-ն քաջ գիտակցում է Հայաստանի դերակատարումը միջազգային հարաբերություններում»

Panorama.am. 17- 11-2011- ԵՄ արտաքին հարաբերությունների և անվտանգության քաղաքականության հարցերով գերագույն հանձնակատար Քեթրին Էշթոնն ու ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը բազմիցս են հանդիպումներ ունեցել եվրոպական տարբեր քաղաքներում և առաջին անգամ է, որ արտգործնախարարը բարձրաստիճան տիկնոջն ընդունում է Երևանում:
«Սա շատ լավ հնարավորություն է շարունակելու մեր երկխոսությունն ու քննարկումները երկկողմ ` ԵՄ-Հայաստան, նաև տարածաշրջանային, միջազգային հարցերի շուրջ: Եվ ուրախ ենք, որ վերջին շրջանում հարաբերությունները ԵՄ և Հայաստանի միջև զարգանում են բավականին դինամիկ կերպով»,- ԱԳՆ-ում Նալբանդյան-Էշթոն հանդիպումից հետո հրավիրված մամլո ասուլիսում հայտարարեց ՀՀ արտգործնախարարը:
Է.Նալբանդյանը տեղեկացրեց, որ մեկ շաբաթ անց Բրյուսելում կայանալու է ԵՄ-Հայաստան համագործակցության խորհրդի նիստը, որի ժամանակ կամփոփվեն վերջին տարվա ընթացքում երկկողմ հարաբերությունների ամրապնդմանն ուղղված քայլերը. «Գոհունակությամբ կարող ենք նշել, որ այդ հարաբերություններն իսկապես ակտիվ զարգանում են` թե բարձրաստիճան փոխայցելությունների, թե Ասոցացման պայմանագրի բանակցությունների, թե համապարփակ առևտրի գոտու ստեղծման և թե վիզային ռեժիմի դյուրացման առումով»,- թվարկեց նախարարը:
«Հիասքանչ է, որ քանիցս հանդիպումներից հետո մենք առաջին անգամ հանդիպեցինք Երևանում և, իհարկե, սա իմ վերջին այցը չի լինի»,- սա արդեն ԵՄ բարձրաստիճան ներկայացուցիչ տիկին Ք.Էշթոնի ներածական խոսքն է:
Նա ընդգծեց, որ Է.Նալբանդյանն իրավացի էր, երբ նշեց, որ ԵՄ-Հայաստան հարաբերությունները զարգանում են միասնական արժեքների վրա, բայց հանդիպմանը կողմերը քննարկել են նաև տարածաշրջանային զարգացմանը վերաբերող հարցեր. «Խոսեցինք Հայաստանի առջև ծառացած որոշ մարտահրավերների մասին, ինչպես նաև այն մասին, որ անհրաժեշտ է առաջ շարժվել, տարածաշրջանը պետք է կարողանա տնտեսական և քաղաքական զարգացում ունենալ և ավելի սերտացնել իր կապերը ԵՄ հետ»,- նշեց տիկին Էշթոնն ու ավելացրեց, որ միջազգային օրակարգային հարցերի քննարկմանը նշել է, որ ԵՄ-ն քաջ գիտակցում է Հայաստանի դերակատարումը միջազգային հարաբերություններում:
Եվ նախքան ԶԼՄ ներկայացուցիչների հարցերին անցնելը շեշտեց` շատ բարձր ենք գնահատում մեր և ձեր համագործակցության ուժը:

No comments: