Thursday, November 17, 2011

Ադրբեջանի սանձազերծած սպառազինությունների մրցավազքը մտահոգիչ է ողջ տարածաշրջանի համար. Սերժ Սարգսյան

News.am. 17-11-2011- Ադրբեջանի սանձազերծած սպառազինությունների մրցավազքը մտահոգիչ հանգամանք է ոչ միայն Հայաստանի, ոչ միայն Հարավային Կովկասի, այլեւ առավել լայն ընդգրկմամբ՝ տարածաշրջանի անվտանգության տեսանկյունից: Այս մասին հայտարարել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը` «Տարածաշրջանային անվտանգության դինամիկան Հարավային Կովկասում» միջազգային գիտաժողովի ժամանակ:
Նա իր ողջույնի խոսքում, մասնավորապես, ասել է.
«Հարավային Կովկասում տեղի ունեցող աշխարհաքաղաքական զարգացումները բարդ են եւ հաճախ դժվար կանխատեսելի՝ ենթակա տարածաշրջանային եւ արտատարածաշրջանային ուժային կենտրոնների շահերի համադրման ու մրցակցության ազդեցությանը: Այս հանգամանքը տարածաշրջանի պետությունների համար ստեղծում է ինչպես լրացուցիչ հնարավորություններ, այնպես էլ որոշակի մարտահրավերներ:
Հայաստանի արտաքին քաղաքականությունը կառուցված է տարածաշրջանային եւ գլոբալ դերակատարների հետ փոխշահավետ համագործակցության ու փոխադարձ հարգանքի, նրանց շահերի համադրման տրամաբանությամբ: Մենք վստահ ենք, որ բաց սահմանները եւ համատեղ տնտեսական ծրագրերի իրականացումը կարող են լավագույն խթան դառնալ փոխըմբռնման ու փոխվստահության մթնոլորտի ձեւավորման, հետեւաբար նաեւ քաղաքական խնդիրների կարգավորման համար: Փոխարենը տարածաշրջանի պետությունների միջեւ բաժանարար գծերի խրախուսմանն ուղղված քաղաքականությունն անխուսափելիորեն կհանգեցնի ամբողջ Հարավային Կովկասում անկայունության ու անվստահության մթնոլորտի ստեղծմանը:
Տարածաշրջանի առջեւ ծառացած առանցքային մարտահրավերներից են չկարգավորված հակամարտությունները, որ կարոտ են համապարփակ ու վերջնական լուծման: Մենք բազմիցս վերահաստատել ենք մեր անկոտրում համոզմունքը, որ առկա հակամարտությունները կարող են կարգավորվել բացառապես խաղաղ բանակցությունների միջոցով՝ միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքների հենքի վրա: Չեմ վարանում կրկնել, որ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորման Հայաստանի համար միակ ընդունելի հարթակը Մինսկի խմբի ձեւաչափն է: Մեր խորին համոզմամբ՝ տարածաշրջանում տեւական խաղաղություն ու կայունություն կարող են հաստատվել միմիայն Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ֆիզիկական անվտանգության եւ իր ճակատագիրն ինքնուրույն տնօրինելու երաշխավորված ապահովմամբ:
Ադրբեջանի սանձազերծած սպառազինությունների մրցավազքը, Եվրոպայում սովորական սպառազինությունների մասին պայմանագրով նախատեսված առաստաղների բազմակի գերազանցումը մտահոգիչ հանգամանք է ոչ միայն Հայաստանի, ոչ միայն Հարավային Կովկասի, այլեւ առավել լայն ընդգրկմամբ՝ տարածաշրջանի անվտանգության տեսանկյունից: Ստեղծված պայմաններում Հայաստանը հարկադրված է առավել մեծ ուշադրություն դարձնել իր պաշտպանական համակարգի արդիականացմանը` որպես տարածաշրջանում ռազմատենչ նկրտումների զսպման ու կայունության ապահովման կարեւոր գործոնի:
Հարավային Կովկասի աշխարհաքաղաքական զարգացումներում էական դեր ունի նաեւ էներգետիկ գործոնը: Հայաստանն ըմբռնումով է մոտենում էներգակիրների մատակարարման աղբյուրների եւ ուղիների բազմազանեցմանը միտված քաղաքականությանը: Այդուհանդերձ, նոր էներգետիկ ծրագրերը չպետք է օգտագործվեն տարածաշրջանում ձեւավորված ուժային հաշվեկշռի խախտման նպատակով: Նման քաղաքականությունը ոչ միայն սպառնալիք է տարածաշրջանի առանձին պետությունների անվտանգության համար, այլեւ կարող է լրջորեն վտանգել էներգետիկ տարանցման ուղիների անխափան գործունեությունը: Չի կարելի թույլ տալ, որ Հարավային էներգետիկ միջանցքը դառնա նոր պատերազմի սնուցման աղբյուր: Դա չի բխում ոչ տարածաշրջանի անվտանգության եւ ոչ էլ նավթային ու գազային ընկերությունների շահերից:
Մեր օրերում անվտանգության եւ զարգացման փոխկապակցվածությունն այլեւս աքսիոմ է: Հենց այս նկատառումից ելնելով էր, որ 2008 թվականին մենք նախաձեռնեցինք Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացը` որպես առաջին քայլ առաջարկելով հաստատել դիվանագիտական հարաբերություններ եւ բացել սահմանները՝ առանց նախապայմանների:
Հայաստանն այսօր էլ հավատարիմ է այն սկզբունքներին, որոնք հռչակել էր այդ գործընթացը նախաձեռնելիս: Եվ պետք է նշել, որ միջազգային-իրավական պարտավորությունները կյանքի կոչելու համար այսօր Թուրքիայից պահանջվում է անհրաժեշտ քաղաքական կամք:
Կարեւորելով պետական մակարդակով ռազմավարական որոշումների ընդունման ժամանակ մասնագիտական խորհրդատվական աջակցության նշանակությունը` Հայաստանն արժեւորում է միջազգային հեղինակավոր վերլուծաբանների մասնակցությամբ գիտաժողովները, քանի որ դրանք հնարավորություն են ընձեռում փորձագիտական մակարդակով քննարկելու տարածաշրջանում առկա խնդիրները եւ առաջարկելու հնարավոր լուծումներ»:

No comments: