Wednesday, November 23, 2011

CNNturk-ի խմբագիր. Թուրքիան պետք է դեմքով նայի իր անցյալին եւ խոստովանի արած սխալները

News.am. 22-11-2011- Թուրքիան պետք է դեմքով նայի իր անցյալին եւ խոստովանի արած սխալները: Այդ մասին հայտարարել է CNNturk-ի գլխավոր խմբագիր, հայտնի վերլուծաբան Մեհմետ Ալի Բիրանդը:
Իր հոդվածում, որ տպագրվել է «Hurriyet Daily News»-ում Բիրանդը նկատել է, որ բոլոր երկրները վաղ թե ուշ բախվում են իրենց անցյալի մութ կողմերի հետ:
«Մենք առ այսօր չենք խոսել մեր անցյալի մասին: Մենք չենք կարող խիզախ եւ տղամարդու պես քննարկել մեր սխալները: Դա վերաբերում է եւ հայկական հարցին: Ժխտելով ամեն ինչ` մենք միայն խաբում ենք ինքներս մեզ»,- ընդգծել է նա` կոչ անելով այլեւս խաղեր չխաղալ:
Ըստ վերլուծաբանի` Թուրքիան չի փրկի իրեն` պնդելով. «Դա մենք չենք արել, այլ Օսմանյան կայսրությունը»:
«Մոտենում է հայկական իրադարձությունների 100-ամյակը: Եթփե մենք քայլեր չձեռնարկենք, մեզ սխալ կհասկանան եւ մեզ վրա կբարդեն բոլոր հանցագործությունները: Մի քանի տարի առաջ վարչապետ Թուրգութ Օզալն այցելել է Ալժիրը եւ ներողություն խնդրել, որ Թուրքիան չի աջակցել Ալժիրի ազատագրական պայքարին ֆրանսիական գաղութատիրության դեմ: Եւ ի՞նչ պատահեց: Ի՞նչ կորցրինք: Հակառակը, մենք շահեցինք: Եկեք մի կողմ թողնենք ներքին քաղաքականության խնդիրները եւ այդ իրադարձությունները դիտարկենք լայն անկյան տակ»,- խոստովանել է Բիրանդը:

No comments: