Wednesday, December 21, 2011

102-րդ բազայի հարցը դառնում է ակտուալ

«Լրագիր» 21-12-2011- Դեկտեմբերի 20-ին Երկիր-մեդիա հեռուստատեսության եթերում բանավիճում էին ՀՀ Պաշտպանության նախկին փոխնախարարներ Արթուր Աղաբեկյանը (ՀՅԴ) եւ Վահան Շիրխանյանը (ՍԴՀԿ): Բանավեճի թեման աննախադեպ էր ոչ միայն հաեռուստատեսության, այլեւ Հայաստանի համար ընդհանրապես՝ ռուսական ռազմական բազան:
Թերեւս առաջին անգամ հայկական եթերում քննարկվել է ռուսական բազայի համար վճար գանձելու անհրաժեշտությունը: Դրանից մի քանի օր առաջ Արթուր Աղաբեկյանը հայտարարել էր, որ Հայաստանը պարտավոր է պահանջել վճարել, քանի որ բազան ձեռնտու է Ռուսաստանին ոչ պակաս, քան Հայաստանին: Վահան Շիրխանյանը թերթերից մեկում ոչ այնքան կոռեկտ էր պատասխանել այդ հայտարարությանը եւ ստացել ոչ պակաս «կոռեկտ» պատասխան Աղաբեկյանից:
Վահան Շիրխանյանը հայտարարեց, որ բազայի մասին պայմանագրում հստակ գրված է, որ այն ձեռնտու է եւ Հայաստանին, եւ Ռուսաստանին: Ընդ որում, Ռուսաստանը վճարում է զենքով, զորավարժություններով եւ այլն: Բազային անհատույց տրվել է միայն տարածքը: Շիրխանյանը հարցնում է՝ արդյոք մենք պետք է հողի վարձ ուզենք:
Ընդ որում, Արթուր Աղաբեկյանը չհերքեց, որ բազան ձեռնտու է Հայաստանին: Նա փորձեց արդարանալ, չմեղադրելով Շիրխանյանին, ով հայտարարեց, թե Հայաստանը 1993 թ. ինքն է խնդրել Ռուսաստանին Հայաստանում պահել բազան:
Ճիշտ է, երկուսն էլ մեջբերումներ չարեցին այդ պայմանագրից, որում որոշարկվեր, թե ինչպես է գործելու ռուսական բազան, եթե ասենք Թուրքիան եւ Ադրբեջանը հարձակվեն Հայաստանի վրա, կամ ռազմական գործողություններ սկսվեն Իրանում, եւ Ռուսաստանը փորձի միջամտել: Վերջերս ռուսական Նեզավիսիմայա գազետա թերթը հրապարակել էր տվյալներ, ըստ որոնց Ռուսաստանը գործողությունների ծրագիր է նախապատրաստում Իրանում ուժային գործողություններին ի պատասխան, օգտագործելով Գյումրիում տեղակայված 102-րդ բազան:
Չքննարկվեց նաեւ հարցը, թե արդյոք ռուսական բազան Հայաստանի վրա չհարձակման երաշխավոր է, թե կան այլ, ավելի «ամուր» երաշխիքներ:
Պատասխան չեղավ նաեւ հարցին, թե ինչու Ռուսաստանը, որը բազա ունի Հայաստանում, ժամանակակից զենքեր է մատակարարում Ադրբեջանին, ով սպառնում է հարձակվել հայաստանի վրա:
Ցավոք, հետաքրքիր թեմայով քննարկումը վերածվեց փոխադարձ մեղադրանքների եւ չպատասխանեց հիմնական հարցերին: Սակայն, ինչպես ասում են, չկա չարիք առանց բարիքի: Կարեւոր է այն, որ այս թեման դարձել է ակտուալ, եւ հայկական բանակի մարտական գեներալը բացահայտ խոսում է այն մասին, որ Ռուսաստանը պետք է վճարի իր ռազմական բազայի համար:
Նաիրա Հայրումյան

No comments: