Thursday, December 1, 2011

«Մանկական Եվրատեսիլ-2011»-ի մրցանակը խորհրդանշում է հայոց լեռները. պատրաստել է Նուռը

«Մանկական Եվրատեսիլ-2011» երգի միջազգային մրցույթում հաղթող մասնակիցը կստանա հայտնի դիզայներ Նուռի կողմից պատրաստած մրցանակը, որը նրան կհանձնի «Մանկական Եվրատեսիլ-2010» թվականի մրցույթի հաղթող Վլադիմիր Արզումանյանը: Այս մասին լրագրողներին հայտնեց Հայաստանի պատվիրակության ղեկավար Գոհար Գասպարյանը:
«Մենք հեռու չենք գնացել, մրցանակը խորհրդանշում է մեր սարերը, որին նայելով մեր մասնակիցներն ուժ կստանան ու կհասնեն բարձրունքի»,- ասաց նա՝ մանրամասնելով, որ այն լոգոյի նախատիպով է արված, խորհրդանշում է հայկական լեռները: Մրցանակը պատրաստված է թանկարժեք քարից և արծաթից:
Գ. Գասպարյանն այս անգամ էլ չցանկացավ բարձրաձայնել, թե ով է լինելու մրցույթի հատուկ հյուրը: Նա հիշեցրեց, որ հատուկ հյուրերից են նաև Սիրուշոն ու Վլադիմիր Արզումանյանը:

«Մանկական Եվրատեսիլ» մրցույթի ղեկավար Սիեթսե Բեքերը տեղյակ պահեց, որ այս տարի քվեարկությունը սկսվելու է բոլոր 13 մասնակիցների ելույթից անմիջապես հետո և տևելու է 15 րոպե, իսկ քվեարկության ամբողջ հասույթը կտրամադրվի World Vision-ին:
«Մենք ցանկանում ենք, որպեսզի հեռուստադիտողը կարողանա լսել բոլոր երգերը և հետո միայն քվեարկել»,- ասաց նա: Մեկ այլ փոփոխության մասին էլ տեղեկացրեց, որը կլինի միավորների հայտարարման կարգի մեջ: Ի տարբերություն անցած տարիների, երբ հայտարարվում են միայն ամենաբարձր միավորները` այս տարի բարձրաձայն կհայտարարվեն բոլոր միավորները:
«Մանկական Եվրատեսիլ 2011»-ի գործադիր պրոդյուսեր Լևոն Սիմոնյանը, խոսելով տեխնիկական գործընթացի մասին, ասաց. «Շնորհակալություն ենք հայտնում Եվրոպայի Հեռարձակողների Միությանը, բոլոր պատվիրակություններին և, իհարկե, Սիեթսե Բեքերին մեր սխալները նկատելու համար, քանի որ միայն այդ կերպ մենք կարողացանք ուղղել դրանք և հասնել լավագույն արդյունքի: Չնայած մենք սկսեցինք որոշ խնդիրներով, այժմ ավարտում ենք ժպիտով և համոզված ենք, որ հիանալի շոու է լինելու»:
«Մենք փորձել ենք այս տարվա մրցույթը հնարավորինս յուրօրինակ դարձնել և օգնության համար շնորհակալություն ենք հայտնում շվեդական տեխնիկական թիմին»,- ասաց Գոհար Գասպարյանը:
Հիշեցնենք, որ «Մանկական Եվրատեսիլ 2011» երգի մրցույթը տեղի է ունենալու դեկտեմբերի 3-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում: Մրցույթին մասնակցում է 13 երկիր:

No comments: