Saturday, December 3, 2011

Վենետիկում մեկնարկում են Հայ գրատպության 500-ամյակին նվիրված միջոցառումները

«Հետք», 03.12.2011: Դեկտեմբերի 14-ին Վենետիկի Կոռեր, Հնագիտական ազգային թանգարաններում և Մարչանա ազգային գրադարանում տեղի կունենա Հայ գրատպության 500-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառումների հանդիսավոր բացումը:
«Հայաստան. քաղաքակրթության դրոշմներ» խորագրով ցուցահանդեսը կգործի մինչև 2012 թ. ապրիլի 10-ը: Ցուցադրության կներկայացվեն Հայաստանի և Եվրոպայի թանգարաններից ու գրադարաններից Վենետիկ բերված ավելի քան 200 հազվագյուտ ձեռագիր, հնատիպ գրքեր, մանրանկարներ, խաչքարեր, հուշաձանների մանրակերտներ, գորգեր, քարտեզներ և այլն:
Ցուցահանդեսը նախաձեռնել է Հայ գրատպության 500-ամյակի պետական հանձնաժողովը՝ ՀՀ նախագահի գլխավորությամբ: Նախագիծն իրականացնում են ՀՀ մշակույթի նախարարությունը, Մխիթարյան միաբանությունը, Վենետիկի քաղաքային թանգարանների հիմնարկը, Մարչանա ազգային գրադարանը:
ՀՀ մշակույթի նախարարության տեղեկացմամբ՝ ցուցահանդեսը կուղեկցվի համերգային ծրագրով, որը տեղի կունենա Սան Մարկո տաճարում:

No comments: