Wednesday, December 7, 2011

Դաշնակցությունը պատրաստվում է նորից բարձրացնել կառավարությանն անվստահություն հայտնելու հարցը

Tert.am. 6-12-2011- «Դեռ այս տարվա գարնան վերջին մեր խմբակցությունը ներկայացրել էր հարցապնդում` կառավարության հանդեպ անվստահության վերաբերյալ: Պատրաստվում ենք այն նորից ներկայացնել»,-Tert.am- -ի հետ զրույցում ասաց ՀՅԴ խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը` մեր խնդրանքով անդրադառնալով «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում հրապարակված այն տեղեկությանը, ըստ որի`Դաշնակցությունը պատրաստվում է ԱԺ վաղվա նիստում կրկին ներկայացնել կառավարությանն անվստահություն հայտնելու հարցը:
Գալստյանի խոսքով`2008թ-ին կառավարությունը ԱԺ ներկայացրեց 2008-2012թթ իր ծրագիրը, որով պարտավորվում էր իրականացնել բազմաթիվ սոցիալական ծրագրեր և ներկայացնել մարդակենտրոն ու սոցիալական ուղղվածությամբ բյուջե:
Հիշեցնենք, որ ՀՅԴ-ն ներկայացրել էր հարցապնդում ՀՀ Կառավարության պատասխանատվության մասին` ակնկալելով պատասխաններ իր կողմից ներկայացված չորս հիմնական հարցերին:
«Անցել է չորս տարի, և պարզ է դարձել, որ կառավարությունը իր վարքագծով և քաղաքականությամբ շեղվել է որդեգրած սկզբունքներից: Այսօր ունենք աղետալի արտագաղթ, աղետալի չափերի հասնող աղքատություն և ծնելիության ահագնացող ցածր տոկոս: Այս տեմպերով 2020 թ կունենանք 1,5 միլիոնանոց ազգաբնակչություն: Ահա այս ֆոնի վրա Կառավարությունը շարունակում է մեզ ներշնչանքներով սնել: Անվստահություն հայտնելով` մենք մեկ անգամ ևս հիշեցնում ենք կառավարությանը, որ ընդդիմությունն իր զգոնությամբ դեռ «շնչում է իրենց ծոծրակին»»,- նշեց Լիլիթ Գալստյանը:

No comments: