Wednesday, December 7, 2011

Արտագաղթը քամում է երկիրը, իսկ մեր ազգային օրակարգում հրատապ են շտաբները. Լիլիթ Գալստյան

News.am. 6-12-2011- Թեեւ 2008-ին իշխանությունների տված խոստումներին, պաշտոնական տվյալներով, Հայաստանի բնակչության 35.8 տոկոսն աղքատ է, ամեն հինգերորդը` 21.3 տոկոսը` շատ աղքատ, իսկ 3 տոկոսը` ծայրահեղ աղքատ: Այս մասին ԱԺ ամբիոնից հայտարարել է ՀՅԴ խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը:
Նա իր ելույթում նշել է.
«Շատերն են հիշում 2008թ-ը, երբ խորհրդարանական դահլիճում մեզ շնորհալիական բարեպաշտություն, հույս ու հավատ էր ներշնչվում, խոստացվում, որ մի շարք ցուցանիշներով տարածաշրջանային կենտրոն ենք դառնալու։ Հավանաբար հավատացինք կամ փորձեցինք հավատալ` այդ թվում ես, որովհետեւ պարզապես ինքդ քեզանից ես հոգնում, քո չհավատալուց եւ ուզում պարզ մարդկային խաղաղությամբ ու արժանապատվությամբ ապրել։

Բայց իրականությունը համառորեն մեզ հետ այլ պատկերով է խոսում, եւ ինչպես հանրապետության բացարձակ մեծամասնությունը` հայտնվել ենք մի կողմից` Հայլուրային ծիրանագույն բուրաստանի, մյուս կողմից` օրեցօր աղքատությունից ու ամենօրյա նվաստացումից ու կեղծիքից կքված Հայաստան Աշխարհում։ Նունիսկ հորդորված լռությունը չի փրկում մեզ, եւ ինչպես ՀՀ վիճծառայության` «Հայաստանի սոցիալական պատկերը եւ աղքատությունը» զեկույցն է փաստում, ՀՀ բնակչության 35.8%-ը աղքատ է, ամեն հինգերորդը` 21.3%-ը` շատ աղքատ, իսկ 3.0%-ը` ծայրահեղ աղքատ: 2010թ.-ին աղքատների թվաքանակը հասել է մոտ 1.2 մլն-ի։
Իսկ հայրենի կառավարության ամենակենսունակ զինանոցում ներշնչանքի ինստիտուտն է: Բյուջե 2011-ը որակվեց սոցիալական, տնտեսությունը կայունացման տանող բյուջե, այնինչ իրականությունը կամ արդյունքը դարձյալ այլ է` նախորդ տարվա համեմատ ձվի գինն աճել է 44.1 %-ով, շաքարավազինը` 28.7 %, կաթնամթերքինը` 21.6 %, կենդանական ու բուսական յուղինը` 21.0 %, մսամթերքինը` 12.9 %, հացամթերքինը` 9.8 %( եւ սրանք սոսկ պաշտոնական տվյալներն են):
Իսկ իշխանությունները բուդդայի խաղաղությամբ շարունակում են վիրտուալ հայկական աշխարհ կառուցել, այնինչ մեզ համար միջազգային զանգերն են գուժում՝ Transparency International-ն հաղորդում է, որ բարգավաճել ենք, հատկապես կոռուպցիոն վարկանիշով, նախկին 123-րդ հորիզոնականից հասնելով 129-րդի։ Մուդիսը տագնապացնող եւ ռիսկային է համարում արտաքին պարտքի մարումը:
Ըստ ՄԱԿ-ի ժողովրդագրական ուսումնասիրության, Հայաստանի բնակչությունը մինչեւ 2025 թվականը կնվազի 25 %-ով, այն դեպքում, երբ հարեւան երկու երկրներում սպասվում է 31 % եւ 43 % աճ:
Միայն 2011թ. երկրից մոտ 100 000 մարդ է հեռացել: Արտագաղթը քամում է երկիրը: Եվ որքան էլ հայտարարենք, թե է 2012-ի բյուջեն մարդակենտրոն է, միեւնուն է հայը հեռանում է հայրենիքից, որովհետեւ անտեսված է, նրա իրավունքները բռնաբարված են, ու նա օտարված է պետությունից:
Քաղաքական այս միջավայրում կորչում է մարդը… կորչում է, որովհետեւ մեր ազգային օրակարգում հրատապ են շտաբները, որ կուսակցությունը ում կմիանա եւ ինչպես կկիսի իշխանությունը: Եվ ինչպես միշտ պատճառները վերացնելու փոխարեն հետեւանքներից ենք խոսում ու այս անգամ էլ հորդորում սպասել 2020 թվականին:
Եզրակացությունս մեկն է` ներկա իշխանություններն իրենց բարոյական, քաղաքական եւ հոգեւոր ամբողջական ռեսուրսով վտանգում են պետության բանաձեւը եւ քաղաքական կամք չունեն առաջնորդելու ազգն ու պահպանել Հայաստանի տնտեսական, ժողովրդագրական եւ ռազմական անվտանգությունը»:

No comments: