Sunday, December 11, 2011

Երեք կանանց հանդիսավոր կերպով Նոբելյան խաղաղության մրցանակ են շնորհել

News.am. 10-12-2011- Օսլոյում տեղի է ունեցել Նոբելյան խաղաղության մրցանակի հանդիսավոր հանձնման արարողությունը: Նորվեգիայի մայրաքաղաքում մրցանակ է շնորհվել Լիբերիայի նախագահ Էլեն Ջոնսոն Սերլիֆին, լիբերիական կանանց շարժման ակտիվիստ Լեյմա Գբովին եւ եմենցի կին լրագրողների խմբի նախագահ Թավակուլ Կարմային, հաղորդում է Deutsche Welle-ն:
Նոբելյան կոմիտեի նախագահ Թորբյորն Յագլանդը հայտարարել է, որ այս երեք կանանց անունները մարդու իրավունքների, կանանց իրավահավասարության համար պայքարի խորհրդանիշ են դարձել: «Նրանք չինական «Կինն իր ուսերին երկրի կեսն է կրում» ասացվածքին կոնկրետ նշանակություն են հաղորդում»,-ասել է նա:
Հիշեցնենք, որ 73-ամյա Էլեն Ջոնսոն Սերլիֆը Լիբերիայի առաջին նախագահն է, ով ընտրվել է ժողովրդավարական ճանապարհով: Մինչ այդ, նա ակտիվորեն զբաղվել է կանանց իրավունքների պաշտպանությամբ:
39-ամյա Լեյմա Գբովեն լիբերիական մահմեդական եւ քրիստոնյա կանանց պայքարի է հանել ընդդեմ երկրում ձգվող քաղաքացիական պատերազմի:
32-ամյա Թավակուլ Կարման 2007 թվականից ակտիվորեն հանդես է եկել Եմենի նախագահ Ալի Աբդուլլա Սալեհի դեմ:
Նոբելյան գիտական մրցանակները սկանդինավյան մյուս մայրաքաղում` Ստոկհոլմում այսօր կհանձնի Շվեդիայի թագավոր Կարլ Գուստավ 16-րդը:

No comments: