Saturday, December 10, 2011

Թուրքիայի ԱԳՆ-ն սպառնում է Ֆրանսիային

HayNews.am. 10-12-2011- Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը գրավոր հայտարարություն է տարածել, որն ուղղված է Ֆրանսիային` կապված Հայոց ցեղասպանությունը քրեականացնող օրինագծի հետ:
Թուրքական «Անկարա» գործակալության փոխանցմամբ, Թուրքիայի արտաքին քաղաքական գերատեսչության տարածած հաղորդագրության մեջ նշված է, թե «Ֆրանսիայում տարբեր ընտրություններից առաջ մշտապես ի հայտ են գալիս Հայոց ցեղասպանության վերաբերյալ օրինագծեր, թեև ֆրանսիական կողմը գիտի` Թուրքիայի համար դա որքան նուրբ խնդիր է: Դրա վառ ապացույցն է սույն թվականի դեկտեմբերի 7-ին Ֆրանսիայի խորհրդարանում ընդունված օրինագիծը»:
«Այժմ Ֆրանսիայի և Թուրքիայի միջև երկկողմանի և միջազգային մակարդակի հարաբերությունները գտնվում են զարգանալու և աճելու գործընթացում, և թուրքական կողմը հուսով է, որ տարբեր որոշումները հետքայլի պատճառ չեն դառնա»,-նշված է Թուրքիայի ԱԳՆ-ի հայտարարությունում:
Նշենք, որ Թուրքիան մշտապես սկսում է սպառնալ այն պետություններին, որոնք «համարձակվում» են Հայոց ցեղասպանությունը ճանաչող և դատապարտող որոշումներ ընդունել: Որպես սպառնալիքի միջոց է հանդիսանում դեսպանների հետ կանչումը, հարաբերությունների ժամանակավոր սառեցումը և այլ նմանատիպ քայլեր:
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 7-ին Ֆրանսիայի Սենատի իրավական հարցերով հանձնաժողովն ընդունել է Վալերի Բոյերի կողմից առաջադրված Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը:

No comments: