Wednesday, December 14, 2011

Ադրբեջանում իշխանական որոշ ուժեր ցանկանում են բանակցություններ սկսել ընդդիմության հետ

News.am. 14-12-2011- Ներկայումս Ադրբեջանի իշխանական ճամբարում կան ուժեր, որոնք ցանկանում են բազմակողմանի եւ ակտիվ բանակցություններ սկսել ընդդիմության հետ: Նրանք կարծում են, որ միայն այդ միջոցով հնարավոր կլինի խուսափել Ադրբեջանում արաբական իրադարձությունների կրկնությունից: Այդ մասին հաղորդում է ադրբեջանական «Պոլիգոն» գործակալությունը` վկայակոչելով ներիշխանական հավաստի աղբյուրները:
Ներկա դրության պայմաններում քիչ հավանական է, որ Ադրբեջանում իշխանություն-ընդդիմություն երկխոսություն սկսվի, քանի որ նրանց միջեւ հակասությունները շատ խորն են եւ գրեթե անլուծելի: Այդուհանդերձ, եթե ներիշխանական օղակներում աճի այնպիսի մարդկանց թիվը, ովքեր կարեւորում են ընդդիմության հետ համագործակցությունը, հնարավոր է, որ երկխոսությունը մեկնարկի, գրում է «Պոլիգոն»-ը:
Աղբյուրի հաղորդած տեղեկություններով, Ադրբեջանի իշխանությունների շրջանում լուրջ մտահոգություններ են ի հայտ եկել հատկապես ԱՄՆ-ի պետքարտուղար Հիլարի Քլինթոնի` Մարդու իրավունքների միջազգային օրվան նվիրված ելույթը, որտեղ քննադատության էր ենթարկվել նաեւ Ադրբեջանը` այդ ոլորտում իր մեծ բացթողումների համար:
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 9-ին՝ մարդու իրավունքների միջազգային օրվա կապակցությամբ իր հայտարարության մեջ ԱՄՆ Պետքարտուղար Հիլարի Քլինթոնը, խոսելով այդ ոլորտում խախտումների մասին, Զիմբաբվե պետության հետ մեկտեղ որպես բացասական օրինակ նշել էր նաեւ Ադրբեջանին։ Դրան ի պատասխան` Ադրբեջանի նախագահի աշխատակազմի արտաքին կապերի հարցերի բաժնի ղեկավար Նովրուզ Մամեդովը մեղադրել էր Քլինթոնին հայասիրության մեջ` նշելով, որ կարծես թե պետքարտուղարը այդ ելույթով որոշակի պարտականություն էր կատարում Ամերիկայի հայկական համայնքի առջեւ:

No comments: