Wednesday, December 21, 2011

Ֆրանսիացի պատգամավոր, հայկական օրինագծի հեղինակ. Թուրքերը կիրառում են սպառնալիքի դիվանագիտությունը

News.am. 21-12-2011- Ֆրանսիայի խորհրդարանի պատգամավոր Վալերի Բուայեն, ով դեկտեմբերի 22-ին պաշտպանելու է Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը, հայտարարել է, որ ինքը «տպավորված է թուրքերի կողմից ցուցաբերվող վերաբերմունքի մակարդակով»: Այդ մասին գրում է ֆրանսիական Le Point–ը` վկայակոչելով France-Presse գործակալությունը:
«Այսօր թուրքերը կիրառում են սպառնալիքի դիվանագիտությունը: Դա հատկապես ցնցող է, եւ մենք ապշած ենք թուրքերի կողմից ցուցաբերվող վերաբերմունքի մակարդակով»,-նշել է Բուայեն:
«Սպառնալիքի դիվանագիտությունը արխայիկ է: Դա միջամտություն է, որը կարող է միայն ուժեղացնել պատգամավորների պատրաստակամությունը»,-նշել է Բուայեն:
«Այդ օրինագիծը երկար օրենսդրական գործընթացի վերջնակետն է, որը սկսվել է 2001-ին Հայոց Ցեղասպանության ճանաչմամբ: Պետք էր ավելի հեռուն գնալ` քրեականացնելով Հայոց ցեղասպանության ժխտումը»,-ասել է նա` հավելելով, որ «ֆրանսիացի խորհրդարանականների որոշումը բխում է մարդու իրավունքներից» եւ «ուղղված չէ որեւէ երկրի դեմ»:
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 22-ին Ֆրանսիայի խորհրդարանը քննարկելու է Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը:

No comments: