Friday, December 23, 2011

Թուրքիան սառեցնում է Ֆրանսիայի հետ բոլոր տեսակի հարաբերությունները. Էրդողան

Tert.am. 22-12-2011- Ֆրանսիայի Ազգային ժողովի կողմից Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի ընդունումից ժամեր անց Թուրքիայի վարչապետ Ռեջեբ Թայիբ Էրդողանն Անկարայում մամուլի ասուլիս է տվել, որում անդրադարձել է նաև վերոնշյալ օրինագծի ընդունմանը։
Ինչպես հաղորդում է ադրբեջանական «ԱՊԱ» գործակալությունը, Էրդողանն օրինագծի ընդունումն «անարդար, մտքի ազատության դեմ ուղղված» որոշում է որակել։ «Այդ որոշումն ավելի շատ անարդար է Ֆրանսիայի հանդեպ, քան Թուրքիայի. Ֆրանսիայում այլևս մտքի ազատություն չկա»,–ասել է նա։
Էրդողանը նշել է, որ Թուրքիան հպարտանում է իր պատմությամբ և հավելել է, թե պատմությունը խորհրդարաններում չեն գրում։ «Մենք չէինք կարող չարձագանքել այդ որոշմանը։ Առաջին փուլում Փարիզից հետ ենք կանչել մեր դեսպանին, ինչպես նաև հրաժարվում ենք առևտրա–տնտեսական հանձնաժողովի նիստից, սառեցնում ենք երկկողմ քաղաքական, տնտեսական և ռազմական հարաբերությունները, հրաժարվում ենք Եվրամիության շրջանակում նախագծերին մասնակցելուց»,–ասել է նա։
Էրդողանը նաև ասել է, որ այսուհետ ֆրանսիական ավիաընկերություններին պատկանող ինքնաթիռներին, Թուրքիայի օդային տարածքը հատելու համար, հատուկ թույլտվություն անհրաժեշտ կլինի, իսկ ֆրանսիական ռազմական նավերը Թուրքիայի նավանագիստներ մտնելու թույլտվություն չեն ունենա։
«Մենք հնարավոր ամեն բան անելու ենք, որպեսզի ողջ աշխարհը ճանաչի Աֆրիկայում Ֆրանսիայի կողմից կատարված ցեղասպանությունը»,–հավելել է նա։

No comments: