Wednesday, December 21, 2011

Ջավախքում սադրանքի իմունիտետ

«Լրագիր» 20-12-2011- Սամցխե-Ջավախեթիի տարածաշրջանի հայերը սպառնում են Վրաստանի կազմից շրջանի դուրս գալով, եթե հանրապետությունը դառնա Հյուսիսատնլանտյան դաշինքի անդամ: Այդ մասին, ինչպես հաղորդում է Ռեգնումը, նշվում է «Ռուսաստանի ջավախքյան սփյուռք» հասարակական կազմակերպության պաշտոնական հայտարարության մեջ: Հայտարարության տեքստում նշված է, որ դաշինքին Վրաստանի անդամակցությունը նպատակահարմար չէ Ջավախքի հայ բնակչության համար, եւ բնակչության 70 տոկոսը դեմ է դրան: Ելնելով շարադրվածից, նրանք հայտարարում են, որ ՆԱՏՕ-ի անդամ դառնալու Վրաստանի ձգտումը հակասում է Սամցխե-Ջավախեթիի հայ բնակչության կամքին, իսկ նման մեծ նշանակություն ունեցող հարցի լուծումը հայկական բնակչության կարծիքի կեղծման ու անտեսման պայմաններում զանգվածներին հակամարտության է մղում, ինչ արդյունքում նրանք ստիպված կլինեն կոչ անել եւ հայտարարել անջատման մասին:
Ըստ ամենայնի, Ջավախքում փորձեր են արվում սրել Հայաստանի ու Վրաստանի հարաբերությունները: Երկու երկրների նախագահներին հազիվ հաջողվում է կարգավորել հարաբերությունները, վստահեցնել միմյանց, որ նրանք վատ մտադրություններ չունեն, եւ այդտեղ ինչ-որ ռուսական կայքում տեղեկատվություն է հայտնվում, որը կրկին լարում է հարաբերությունները: Հայաստանի ու Վրաստանի միջեւ վատ հարաբերությունները ձեռնտու չեն ոչ հայերին, ոչ էլ վրացիներին: Դրանք ձեռնտու են միայն նրանց, ովքեր փորձում են լիակատար վերահսկողություն հաստատել տարածաշրջանում:
Հայ եւ վրացի ժողովուրդները պետք է իմունիտետ մշակեն նման սադրիչ հայտարարությունների համար` խուճապի մեջ չընկնելով եւ կտրուկ շարժումներ չանելով: Դա ամենեւին չի նշանակում, որ Ջավախքում խնդիրներ չկան եւ որ Հայաստանը չպետք է շահագրգռություն ցուցաբերի Ջավախքի իր հայրենակիցների ճակատագրի հարցում: Սակայն դեռ պետք է պարզել, թե ինչում է կայանում այդ շահը: Արդյոք իրապես Ջավախքի հայերը չեն ցանկանում, որ Վրաստանը մտնի ՆԱՏՕ: Արդյոք նրանց դուր չի գալիս, որ Վրաստանն արեւմտյան ուղղությամբ է ընթանում, եւ որ այժմ Ջավախքում, ինչպես ողջ Վրաստանում, նվազում է կոռուպցիայի մակարդակը եւ բարելավվում է գործարար միջավայրը: Հնարավոր է Ջավախքի հայերը դժվարությամբ են ադապտացվում նոր պայմաններին, իսկ նրանց այդ գործում խանգարում են Հայաստանի ու հատկապես Ռուսաստանի նրանց հայրենակիցները: Մասնավորապես նրանք, ովքեր ներկայիս պայմաններում կարողություն են կուտակել եւ վախենում են վերաբաժանումից:
Հայաստանը պատճառ չունի խանգարել Վրաստանին Ջավախքի հետ միասին ՆԱՏՕ մտնել: Ընդհակառակը, զարգացումը կարող է հանգեցնել նրան, որ Ջավախքում սոցիալ-տնտեսական իրավիճակը կլավանա, եւ դա կդառնան հայկական տնտեսության զարգացման լոկոմոտիվը:
Նշենք նաեւ, որ ԱՊՀ տարածքում եւ մասնավորապես Ռուսաստանի տարածքում գործող հայկական հասարակական կազմակերպությունները սովորաբար գործում են ՌԴ հատուկ ծառայությունների վերահսկողության ներքո: Այլ կերպ չի էլ կարող պարզապես լինել: Բնականաբար, նրանց գործունեությունը խիստ ենթարկեցված է ՌԴ շահերին:

No comments: