Tuesday, December 20, 2011

Վ. Կարախանյան. Ֆրանսիայի օրինակը պետք է վարակիչ լինի

Panorama.am19-12-2011- «Ֆրանսիայի օրինակը պետք է վարակիչ լինի: Ներկայումս Ֆրանսիան դարձել է այն շարժիչ ուժը, ինչի շնորհիվ Ցեղասպանության ճանաչման պրոցեսը գնալով ավելի է ակտիվանում է: Իսկ Թուրքիայի՝ Ֆրանսիային ուղղված մեղադրանքները անբարոյական են»,- մեկնաբանելով թուրք բարձրաստիճան պաշտոնյաների՝ Ֆրանսիային ուղղվող քննադատությունը՝ Panorama.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահի տեղակալ Վազգեն Կարախանյանը:
Հիշեցնենք, որ Ֆրանսիայի Սենատի անդամ, սոցիալիստական կուսակցության ներկայացուցիչ Ֆիլիպ Կալտենբախը, նոյեմբերի 21-ին, Սենատի օրակարգ է վերադարձրել Հայոց ցեղասպանության ժխտման համար քրեական պատասխանատվություն նախատեսող օրինագիծը: Այս օրինագծի կապակցությամբ, ԵԽԽՎ գործող նախագահ, Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության ներկայացուցիչ Մովլութ Չավուշօղլուն հայտարարել է, թե թուրք-ֆրանսիական հարաբերությունների վատթարացման պատասխանատուն Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին է:
«Իր վարքով Թուրքիան մեկ անգամ ևս ապացուցեց, որ արհամարհում է եվրոպական արժեքային համակարգը ու արժանի չէ տեղ ունենալ եվրոպական ընտանիքում: Նույնիսկ անհարմար է, որ Թուրքիայի նման պետությունը փորձում է անդամագրվել Եվրամիությանը»,- ավելացրեց նա:
Ըստ պատգամավորի, Թուրքիայի բարձրացրած աղմուկ նաև իր դրական կողմերն ունի. դրանով Անկարան նպաստում է աշխարհում Հայոց ցեղասպանության փաստի ևս մեկ անգամ բարձրաձայնմանը:

No comments: