Saturday, December 10, 2011

Մոսկվայում սկսվել է վերջին տարիների ամենազանգվածային բողոքի ակցիան

Tert.am. 10-12-2011- Մոսկվայում սկսվել է վերջին տարիների ընթացքում Ռուսաստանի ընդդիմության ամենախոշոր հանրահավաքը։ Ինչպես հաղորդում է ռուսական Gazeta.ru կայքը, այս պահին զուգահեռաբար ցույցեր են անցկացվում Մոսկվայի Բոլոտնայա և Հեղափոխության հրապարակներում։ Կայքը ընդգծում է, որ Բոլոտնայա հրապարակում, տարբեր գնահատակներով, այս պահին 40–50 000 մարդ է հավաքվել, իսկ Հեղափոխության հրապարակում բոլշևիկներն են՝ մոտ 300 մարդ։
Ավելի վաղ Facebook սոցիալական ցանցում հանրահավաքին նվիրված խումբ էր բացվել, որում արդեն 36 000 մարդ է գրանցվել, իսկ Вконтакте սոցիալական ցանցում՝ 20 000 մարդ։
Թե Հեղափոխության և թե Բոլոտնայա հրապարակում սկսված բողոքի ակցիաների վարողները նախևառաջ բարձրաձայն ընթերցել են օրեր առաջ ձերբակալված բլոգեր Ալեքսեյ Նավալնիի նամակը, որում նա ընդդիմադիրներին կոչ է արել միասին դիմագրավել «գողերի և ժուլիկների բանակին»։ Բոլոտնայա հրապարակում Նավալնիի նամակը ընթերցել է լրագրող Ալեքսեյ Կաշինը, իսկ Հեղափոխության հրապարակում՝ Զախար Պրիլեպինը։
Ցուցարարների հիմնական պահանջներն են՝ ազատ արձակել բոլոր քաղբանտարկյալներին (բոլոր նրանց, ովքեր ձերբակալվել են դեկտեմբերի 5–ին տեղի ունեցած երթի ժամանակ, ինչպես նաև ավելի վաղ ձերբակալվածներին, այդ թվում, խարդախության և հարկերից խուսափելու համար ազատազրկման դատապարտված «ՅՈՒԿՕՍ» ընկերության նախկին ղեկավար Միխայիլ Խոդորկովսկիին), նոր ընտրություններ հայտարարել, ընդդիմադիր կուսակցություններին հնարավորություն տալ մասնակցել դրանց և հետաձգել նախագահական ընտրությունները։
Ռուսաստանում դեկտեմբերի 4–ին խորհրդարանական ընտրություններ տեղի ունեցան, որոնց մասնակցում էին յոթ կուսակցություններ՝ «Արդար Ռուսաստան»–ը, Ռուսաստանի լիբերալ-դեմոկրատական կուսակցությունը, «Ռուսաստանի հայրենասերներ», ՌԴ կոմունիստական, «Միասնական Ռուսաստան», «ՅԱԲԼՕԿՕ» և «Արդար գործ» կուսակցությունները: Ռուսաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի հրապարակած պաշտոնական տվյալների համաձայն՝ 49.32 տոկոս ձայն հավաքել էր իշխող «Միասնական Ռուսաստան» (Единая Россия) կուսակցությունը, ՌԴ կոմունիստական կուսակցությունը՝ 19.19 տոկոս, «Արդար Ռուսաստան»-ը՝ 13, 24 տոկոս, Ռուսաստանի լիբերալ-դեմոկրատական կուսակցությունը՝ 11,67 տոկոս ձայն: Մնացած կուսակցությունները չեն հաղթահարել յոթ տոկոսանոց շեմը։
Ընդդիմադիր կուսակցությունների ներկայացուցիչները պնդում են, որ քվեարկությունն ուղեկցվել է բազմաթիվ խախտումներով և բողոքի ակցիաներ են անցկացնում՝ պահանջելով չեղյալ հայտարարել դրանք։ Բողոքի ակցիաները սկսվել են դեկտեմբերի 5–ին։

No comments: