Sunday, December 18, 2011

Էրդողանը Ֆրանսիային Ռուանդայում իրականացված ցեղասպանության մեջ է մեղադրել

Tert.am. 18-12-2011- Թուրքիայի վարչապետ Ռեջեբ Թայիբ Էրդողանն այսօր կրկին անդրադարձել է Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի՝ Ֆրանսիայի խորհրդարանի օրակարգում ընդգրկմանը և խիստ քննադաությամբ հանդես եկել այդ երկրի հասցեին։
«Որևէ մեկը չի տեսնում Ֆրանսիայի դերակատարությունը Ռուանդայում տեղի ունեցած սպանդում։ Նա, ով չի առերեսվում իր պատմությանը, չի կարող մեղադրել Թուրքիային։ Խորհրդարանները չպետք է խոչընդոտեն կեղծ մեղադրանքների դեմ պայքարողներին։ Ամոթալի փաստ է, երբ 21–րդ դարում եվրոպական մի երկիր խոչընդոտում է նրանց, ովքեր պատմական կեղծիքի դեմ են հանդես գալիս»,– ասել է Էրդողանն ու հավելել, որ Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի՝ Ֆրանսիայի խորհրդարանի կողմից ընդունումը հարաբերությունների խզման է հանգեցնելու։
Ինչպես հաղորդում է ադրբեջանական SalamNews գործակալությունը, Էրդողանն ասել է, որ եթե Ֆրանսիայի Սենատը ցանկանում է պատմությամբ զբաղվել, ապա պետք է հստակություն մտցնի Ռուանդայում (1994թ. Ռուանդայում իրագործված ցեղասպանության ընթացքում հութու զինյալները մոտ 800 հազար թութսիների և «չափավոր» հայացքներ ունեցող հութուների են սպանել) և Ալժիրում (20-րդ դարի 60-ական թթ. 250 հազար խաղաղ մուսուլման է սպանվել) տեղի ունեցած սպանդի առնչությամբ։ «Եթե նրանք փաստաթղթեր չունեն, կարող ենք տրամադրել»–հավելել է Էրդողանը։
Նշենք, որ երեկ Էրդողանը հայտարարել էր, թե Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծն ուղղված է Թուրքիայի պետության, թուրք ժողովրդի և Ֆրանսիայում ապրող թուրքական համայնքի դեմ։ «Ցանկանում եմ բացահայտ կերպով հայտարարել, որ նման քայլերը շատ ծանր հետևանքներ կունենան թուրք–ֆրանսիական քաղաքական, տնտեսական և մշակութային հարաբերությունների համար, իսկ դրա պատասխանատվությունն ամբողջությամբ այդ քայլի նախաձեռնողների վրա է»,–Սարկոզիին ուղղված նամակում գրել էր Էրդողոնը։
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, Ֆրանսիայի Ազգային ժողովը դեկտեմբերի 22–ին քննարկելու է ռասիզմի դեմ պայքարի և Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնելու մասին նոր օրինագիծը։ Վերոնշյալ օրինագիծն օրեր առաջ ընդունվել էր Ֆրանսիայի Ազգային ժողովի Իրավական հարցերով հանձնաժողովի կողմից։
«Հուսով եմ, որ մենք կգնանք մինչև վերջ, և Ֆրանսիան կլինի մարդու իրավունքների երկիր»,–ասել էր օրինագծի հեղինակ Վալերի Բոյերը։

Նոր օրինագծի համաձայն՝ Ֆրանսիայում Հայոց ցեղասպանությունը ժխտողներին մինչև 1 տարվա ազատազրկում է սպառնալու և 45.000 եվրո տուգանք։
2006թ. հոկտեմբերի 16-ին Ֆրանսիայի Ազգային ժողովը հավանություն էր տվել Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող մեկ այլ օրինագծի: Սակայն այդ օրենքը կյանքի կոչելու համար անհրաժեշտ էր դրա հաստատումը Սենատի կողմից: Ֆրանսիայի Սենատը, սակայն, 2011թ. մայիսին կայացած նիստում ձայների 196 դեմ և 74 կողմ հարաբերակցությամբ մերժեց Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող այդ օրինագիծը:

No comments: