Wednesday, December 7, 2011

Լավրովը կոչ է արել հավատարիմ մնալ ԼՂ հակամարտության կարգավորման դովիլյան առաջարկներին

Tert.am. 6-12-2011- ԼՂ հակամարտության կարգավորումը շարունակվում է բավական ինտենսիվ՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի երեք համանախագահների հովանու ներքո։ Այս մասին, Վիլնյուսում անցկացվող ԵԱՀԿ արտգործնախարարների խորհրդի նիստի ժամանակ, հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը։
«Մենք հակամարտության կողմերին կոչ ենք անում օգտվել այն առաջարկներից, որոնք մշակվել էին Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդևի կողմից կազմակերպված հանդիպումների ժամանակ, և որոնք այս տարվա մայիսին Դովիլում (Ֆրանսիա) պաշտպանվեցին Ռուսաստանի, ԱՄՆ–ի և Ֆրանսիայի առաջնորդների համատեղ հայտարարությամբ»,–ասել է Լավրովը։
2011 թ. մայիսի 26-ին Ֆրանսիայի Դովիլ քաղաքում Մեծ ութնյակի գագաթնաժողովի ժամանակ ԱՄՆ-ի, Ֆրանսիայի և Ռուսաստանի նախագահները Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ համատեղ հայտարարություն ընդունեցին, որում երեք երկրների նախագահները, մասնավորապես, վերահաստատեցին միայն բանակցությունների միջոցով ԼՂ հակամարտության կարգավորման անհրաժեշտությունը, ինչպես նաև Հայաստանի և Ադրբեջանի նախագահներին կոչ էին արել «քաղաքական կամք ցուցաբերել և ավարտին հասցնել կարգավորման հիմնարար սկզբունքների շուրջ աշխատանքը»։

No comments: