Thursday, December 22, 2011

Հայցեր քննիչների դեմ

«Լրագիր» 22-12-2011- Զոհված զինվորների մայրերի առօրյան դատարանից դատարան ընկնելն է, կառավարության շենքը` հինգշաբթի օրերին, էլեկտրոնային մամուլի ընթերցումը:
Ստեփանակերտում զոհված Վալերի Մուրադյանի մայրը` Նանան նախկինում ոչ ինտերնետ էր մտնում, ոչ էլ գիտեր, թե էլեկտրոնային կայքերն ինչ են: Անգամ հեռուստատեսային լուրերի չէր հետևում: Մինչ 2010 թվականի մարտի 15-ը, երբ Վալերիկի դիակը գտան վերանորոգման վաշտի մոտ` երկաթյա ձողից կախված:
Երբ Նանայի ամուսինը հանեց տղայի մարմնի վրայից սավանը և ուշադիր զննեց որդուն, նկատեց, որ բազուկների ներսի կողմից կան կապտուկներ, մատների հետքեր, կարծես, ինչ-որ մարդիկ մահից առաջ պինդ սեղմել են տղայի ձեռքերը: Իսկ Նանան հիշում է, որ կապտած էր որդու ձեռքի բութ մատը: Այն ժամանակ ամուսինների համար արդեն պարզ էր, որ որդին բռնի մահով է մահացել, ոչ թե կախվել է: Բայց նրանք դեռ հավատում էին արդարությանը, և մտքի ծայրով չէին կարող անցկացնել, որ լավ կլինի, որ գոնե բջջային հեռախոսով լուսանկարեն Վալերիկի մարմնի բոլոր վնասվածքները, քննչական մարմնի ապօրինություններից հնարավորինս ապահովագրվելու համար:
Այդպես արեց Կարճաղբյուրում զոհված Տիգրան Օհանջանյանի հայրը, և այժմ քննիչները, որոնք էլեկտրահարման վարկածն են առաջ քաշել, չեն կարողանում բացատրել բռնությունների հետքերի ծագումը Տիգրանի մարմնի տարբեր մասերում:
Այդպես վարվեցին նաև Եղնիկներում դաժանաբար սպանված Աղասի Աբրահամյանի հարազատները, տղայի մարմնի վնասվածքները ֆիքսելով բջջայինի օգնությամբ, ինչով բավականին բարդացրեցին քննիչների վիճակը: Բայց Նանան և նրա ամուսինը ՀՀ իրավապահ համակարգի հետ շփվելու փորձ չունեին:
«Ես ի՞նչ իմանայի, որ պետք է նկարեմ որդուս մարմինը: Մտածում էի, զինվոր են սպանել, հնարավոր չի, որ չբացահայտեն սպանությունը: Հեռուստացույց էի նայում: Բայց լուրերը ոչ մի անգամ ցույց չտվեցին: Էդպես, սկսեցի ինտերնետ մտնել», - պատմում է Նանա Մուրադյանը:
Քննիչ Թամրազյանը ցույց է տվել Նանա Մուրադյանին որդու դիակի լուսանկարները, սակայն ծնողների նկատած վնասվածքներն այդ լուսանկարներում չեն եղել, իսկ դատաբժիշկ Գագիկ Հարությունյանն ասել է, որ այդ հետքերը «ծնողների աչքին են երևացել»: Նանա Մուրադյանը դատի է տվել ՊՆ քննչական ծառայության քննիչներ Ապրեսյանին և Թամրազյանին որդու մահվան գործով անարդյունավետ քննություն տանելու համար: Բայց Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը թողեց բողոքն առանց քննության, այն վերադարձնելով Նանային: Վերջինս էլ դեկտեմբերի 20-ին այս որոշման դեմ բողոք ներկայացրեց դատական ոլորապտույտի հաջորդ ատյան` վերաքննիչ դատարան, որին չի հավատում:
Սյուզան Սիմոնյան

No comments: