Thursday, December 1, 2011

Անկախության տարիներին Ադրբեջանում գրանցվել են ամենամեծ թվով քաղաքական սպանությունները

News.am. 1-12-2011- Ամենամեծ թվով աղմկահարույց, պատվիրված սպանությունները եւ ինքնասպանությունները Ադրբեջանում տեղի են ունեցել անկախության 20 տարիների ընթացքում: Այդ մասին գրում է ադրբեջանական «Ենի Մուսավաթ» թերթը` նշելով, որ Ադրբեջանի անկախության տարիներին այդ երկրում սպանվել են մեծ թվով ճանաչված անձինք, պետական եւ հասարակական ծառայողներ: Ընդ որում, այդ սպանություններից շատերը չեն բացահայտվել, գրում է թերթը` ներկայացնելով առավել աղմկահարույց մի շարք սպանությունները:
Օրինակ, 1991-ին իր տան առջեւ սպանվել է պատգամավոր Էլդար Բաղիրովը, 1993-ին կոնտր-ադմիրալ Էդուարդ Հուսեյնովը, նրան սպանել է վարձու մարդասպանը: Նույն ճակատագրին է արժանացել նաեւ Ազգային ժողովի նախագահի տեղակալ Աֆիյեդդին Ջելիլովը 1994-ին: Ակադեմիկոս Զիյա Բունիաթովը եւս վարձու մարդասպանի կողմից սպանվել է 1997-ին: Վերջին շրջանի սպանություններից ավելի աչքի են ընկնում Պաշտպանության փոխնախարար, Օդուժի եւ Օդային պաշտպանության զորքերի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ռալի Ռզաեւի սպանությունը 2009-ին, եւ ի վերջո, լրագրող, հակաիսլամիստ գրող Ռաֆիգ Թաղիի սպանությունը 2011-ին:
Թերթը նշում է, որ սպանությունները մեծամասամբ պատվիրված են եղել եւ հիմնականում իրականացվել են այդ անձանց տներում: Դրանցից շատերը մինչ օրս մնում են չբացահայտված:

No comments: