Thursday, December 1, 2011

Մեծ Բրիտանիան իր երկրից վտարում է իրանցի դիվանագետներին

Մեծ Բրիտանիան իր երկրից կվտարի Իրանի դիվանագիտական առաքելության ներկայացուցիչներին։ Ինչպես հաղորդում է բրիտանական «Բի–Բի–Սի» հեռուստառադիոկորպորացիան, այդ որոշումն ընդունվել է Թեհրանում Մեծ Բրիտանիայի դեսպանատան վրա երեկ իրականացված հարձակումից հետո։
Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Վիլյամ Հեյգն ասել է, որ ինքը հրահանգել է փակել Լոնդնում Իրանի դեսպանատունը, իսկ բրիտանացի դիվանագետները երկրի տարածքը պետք է լքեն 48 ժամվա ընթացքում։
Նա հավելել է, որ իր երկիրը ճիշտ է ամբողջովին չի խզում հարաբերություններն Իրանի հետ, բայց դրանք նվազագույնի է հասցնում։
Հիշեցնենք, որ երեկ Թեհրանում Մեծ Բրիտանիայի դեսպանատան մոտ ուսանողները բողոքի ակցիա էին անցկացրել (այն բանից հետո, երբ Մեծ Բրիտանիան խստացրել էր Իրանի նկատմամբ պատժամիջոցները), որի ընթացքում նրանք դեսպանատան շենք էին ներխուժել, պատանդ վերցրել 6 մարդու (քիչ անց պատանդներն ազատ էին արձակվել)։ Նրանք նաև իջեցրել էին Մեծ Բրիտանիայի դրոշը, այրել այն և փոխարենը բարձրացրել Իրանի դրոշը։
Ուսանողները, սակայն, խոստացել են բողոքի ակցիաները շարունակել այնքան ժամանակ, քանի դեռ երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունները վերջնականապես չեն խզվել։ Դրանից հետո Մեծ Բրիտանիան Իրանից դուրս էր բերել իր դիվանագետներին:

No comments: