Thursday, December 1, 2011

Կապույտ վառելիքի սպառման ծավալները նվազել են նաեւ Շիրակի մարզում. մարդիկ նախընտրում են մրսել

News.am. 1-12-2011- Վերջին մեկ տարվա ընթացքում Հայաստանում կտրուկ նվազել են գազի սպառման ծավալները, որը պայմանավորված է գազի 1 խմ-ի գինը 96 դրամի փոխարեն 132 դրամ դառնալու հանգամանքով:
Մասնավորապես, գյումրեցի շատ ընտանիքներ դարձյալ սկսել են փայտ վառել, իսկ մյուսները գազն օգտագործում են մեծ խնայողությամբ, քանի որ վճարունակ չեն: Բնակիչները լսել են, որ ձմռան ամիսներին բնակիչ-բաժանորդների օգտագործած գազի դիմած վճարումներ կատարելու համար վարկեր են տրամադրվում, սակայն չեն պատրաստվում այդ տարբերակով ջեռուցման ծախսեր հոգալ:
«Վարկ վերցրնեմ, պետք է կրակն ընկնեմ, դա ձեռնտու չէ: Ո՞վ է տեսել գազի վարձը վարկով տան, էս սոված էլ մնամ վարկ չեմ վերցնի»,- NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշել է Գյումրիի բնակիչ Վարդան Պետրոսյանը:
Մեկ այլ բնակիչ` Սոֆյա Սարգսյանն էլ նշել է, որ նախորդ տարի գազի վարձավճարները չի կարողացել մուծել, ոսկի է գրավադրել բանկում ու գումար վերցրել. «Մինչեւ հիմա չեմ կարողանում այդ ոսկեղենը բանկից հանեմ: Մնացել էր մի անգամ էլ պարտքերի տակ ընկնեմ: Ինձ դա պետք չի, ավելի լավ է քիչ կվառենք, մրսենք, հիվանդանանք, հետո դեղի փող կտանք»,-նշել է նա:
Վարկ տալու փոխարեն գյումրեցի գազ սպառողները առաջարկում են փոփոխության ենթարկել գազի սակագինը, դա իրենց կարծիքով կփոխի ընդհանուր իրավիճակը: «Ես հիմա իմ տան մի սենյակն եմ տաքացնում: Մարդ ու կին ենք, խնայում ենք, որ շատ չգրի: Թե չէ վառում ենք, չենք էլ տաքանում, իսկ ամսվա վերջում 30 հազար դրամ վարձ է գալիս, ինչո՞վ մուծեմ, թոշակառու ենք»,-նշել է գյումրեցի 62-ամյա Մարինե Սահակյանը:
Ի դեպ, դժգոհություններ կան նաեւ տրամադրվող վարկերի տոկոսադրույքների հետ կապված:
Նշենք, որ վերջին 1 տարում գազի սպառման ծավալները Հայաստանում նվազել են շուրջ 15 տոկոսով:

No comments: