Monday, December 19, 2011

Էրդողանը կարող է ներողություն խնդրել

«Լրագիր» 19-12-2011- Ֆրանսիան լրջորեն մտադրված է դեկտեմբերի 22-ին հայոց ցեղասպանության հերքումը քրեականացնող օրենք ընդունել: Հայաստանում ուշադիր հետեւում են գործընթացներին եւ փորձում են զարգացման հնարավոր սցենարներ վեր հանել:
Ամեն ինչ, իհարկե, կարող է սահմանափակվել Թուրքիայի եւս մեկ դեմարշով, որն իր բողոքը կարտահայտի եւ, հնարավոր է, մի քանի ֆրանսիական ընկերությունների կմերժի իր տարածքում գործարարությամբ զբաղվել: Սակայն դա միայն մեկ սցենար է: Հավանական են նաեւ այլ սցենարներ, որոնք այնքան էլ սպասելի կարող են չլինել:
Հազիվ թե Թուրքիան Ֆրանսիայի որոշումը չդիտարկի իր վրա առավել գլոբալ ճնշման համատեքստում: Հազիվ թե նա չհասկանա, որ եթե ավելի վաղ հայկական «շերեփը» օգտագործվում էր միայն այն բանի համար, որ Թուրքիային ստիպի ինչ-որ զիջումների գնալ, ռազմական բազա տեղակայել եւ այլն, ապա այժմ այն ակնհատորեն օգտագործվում է Թուրքիային թուլացնելու եւ ծնկի բերելու համար:
Մինչեւ տարվա վերջ, այնսինքն այն ժամկետը, որը Ֆրանսիան տվել է Թուրքիային հայոց ցեղասպանության մեղքն ընդունելու համար, կարող են անսպասելի որոշումներ ընդունվել: Պետք է ենթադրել, որ Թուրքիան հնարավոր է որոշակի զիջումների գնա: Օրինակ, կարող է ներողություն հնչել, ինչպես դա տեղի ունեցավ Դերսիմում քրդերի ջարդերի հարցում:
Արդյոք հայկական դիվանագիտությունը պատրաստ է Էրդողանի ներողությանը եւ պատրաս՞տ է հետագա քայլերի: Չէ որ ներողությանը պետք է հետեւի պատասխանատվության խոստովանությունը, իսկ դա նշանակում է, որ Թուրքիայի իշխանությունը ճանաչում է, որ հանրապետություն է կառուցել՝ վտարելով բնիկ բնակչությանը:
Սերժ Սարգսյանի վերջին հայտարարություններն այն մասին, որ երբեւէ Թուրքիայում կհայտնվի իշխանություն, որը կխոնարհվի Ծիծեռնակաբերդում, խոսում է այն մասին, որ Հայաստանը խստացնում է դիրքորոշումը միջազգային հասարակայնության աջակցությամբ: Այդ խստացումն ուղղված է ոչ այնքան Թուրքիայի, որքան նրա ներկայիս իշխանության դեմ:
Արդյոք բանը կհասնի տարածքային պահանջների:
Նաիրա Հայրումյան

No comments: