Thursday, December 1, 2011

Հուսով ենք, որ ԼՂ խնդրի կարգավորման հարցում հաջորդ տարի առաջընթաց կարձանագրվի. Էրիկ Ռուբին

Tert.am. 30-11-2011- ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով փոխտեղակալ Էրիկ Ռուբինը Վաշինգտոնում կայացած «Հարավային Կովկասն անկախություն ձեռք բերելուց 20 տարի անց» խորագրով կոնֆերանսի ժամանակ հայտարարել է, թե ԱՄՆ–ն հույս ունի, որ ԼՂ հակամարտությունը կլուծվի ամենամոտ ժամանակահատվածում։
«Մենք մեր հնարավորությունների սահմանում աջակցում ենք Մինսկի խմբին և հույս ունենք, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուրջ բանակցություններում առաջընթաց կարձանագրվի»,–ասել է Ռուբինը։
Ինչպես հաղորդում է ադրբեջանական 1news.az կայքը, Ռուբինը նշել է, որ դեռևս շարունակվում են հիմնարար սկզբունքների համաձայնեցման շուրջ աշխատանքները։ «Հավատում ենք, որ երկու կողմերն էլ այդ հարցում ջանքեր են գործադրում։Հույս ունենք, որ հաջորդ տարի առաջընթաց կարձանագրվի»,–նշել է նա։

ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալը հավելել է, որ երկար տարիներ շարունակվող բանակցություններում որևէ առաջխաղացման բացակայությունը, այդուհանդերձ, պետք է որպես «անհաջողություն» որակել։ «Միևնույն ժամանակ կարծում եմ, որ կարևոր է ընդգծել միջազգային ջանքերը, Մինսկի խմբի գործունեությունը, Ռուսաստանի, Ֆրանսիայի և մյուս երկրների ջանքերը։ Մենք Հայաստանին և Ադրբեջանին օգնել ենք խուսափել բաց բախումից»,–ասել է նա։

Կայքը ընդգծում է, որ Ռուբինն անդրադարձել է նաև Թուրքիայի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորմանն ու նշել, որ ԱՄՆ–ն դեռևս հույս ունի, որ հայ–թուրքական հարաբերությունները կկարգավորվեն։
«Սակայն Թուրքիայում ավարտված և Հայաստանում սպասվող ընտրությունները, ինչպես նաև ԼՂ հարցը մի շարք խնդիրներ են ստեղծում այդ գործընթացում»,–նշել է Ռուբինը։

No comments: