Tuesday, December 13, 2011

Ալիեւը ցանկանում է ԱՄՆ-ում լոբբիստական կազմակերպությունների միջոցով «թոզ փչել» միջազգային հանրության աչքին

News.am. 13-12-2011- Ալիեւը ցանկանում է լոբբիստական կազմակերպությունների միջոցով թոզ փչել միջազգային հանրության աչքին: Ադրբեջանական «Ազադլըգ» թերթը գրում է, որ պաշտոնական Բաքուն Վաշինգթոնի հետ հարաբերությունները լավացնելու նպատակով փորձում է կիրառել նոր մեթոդներ, իսկ դրա վառ ապացույցը լոբբիստական կազմակերպությունների ստեղծումն է: Ադրբեջանի երեք ամենահարուստ օլիգարխներն ակտիվ գործունեություն են ծավալում Վաշինգթոնի հետ հարաբերությունների խորացման ուղղությամբ:
«Ներկայումս ԱՄՆ-ում գտնվող Ադրբեջանի Պետական նավթային ընկերության նախագահ Ռովնագ Աբդուլաեւն աշխատանքներ է տանում` համագործակցելով ամերիկա-թուրքական ալյանսի հետ: Տրանսպորտի նախարար Զիյա Մամեդովը 2,4 միլիոն դոլար է ներդրել` «Ադրբեջան-Ամերիկա ալյանս» լոբբիստական կազմակերպության ստեղծման համար: Իսկ Ադրբեջանի ԱԻՆ-ի ղեկավար Քեմալադին Հեյդարովի որդին` Թալե Հեյդարովը, ստեղծել է «Եվրոպայի ադրբեջանցիների ընկերակցություն» լոբբիստական կազմակերպությունը եւ աշխատանքներ է տանում Ամերիկա-ադրբեջանական առեւտրական պալատի հետ: Նա գործունեություն է ծավալել նաեւ Մեծ Բրիտանիայում: Բոլոր երեք օլիգարխների գործունեությունը հետապնդում է մեկ գլխավոր նպատակ` խուսափել Ադրբեջանում բարեփոխումներ անցկացնելուց եւ միջազգային կառույցներում, արեւմտյան մամուլում դրական կարծիք ձեւավորել Ադրբեջանի իշխանությունների նկատմամբ: Սա հիմք է տալիս ասելու, որ իշխանությունները երկրի ներսում առաջացած խնդիրները լուծելու փոխարեն, միջազգային հանրության կարծիքը եւ մոտեցումները փոխելու համար որոշել են օգտագործել կոռուպցիայի միջոցով ձեռք բերված նավթադոլարները: Սակայն ի՞նչ արդյունքներ կտա այդ քաղաքականությունը»,-հարց է արծարծում «Ազադլըգ»-ը:

Այսպես, ադրբեջանցի փորձագետ Էլհամ Մեհտիեւի կարծիքով, լոբբիստական կազմակերպությունների գործունեությամբ հնարավոր չէ լուծել Ադրբեջանի հարցերը, եւ դրա պատճառը աշխարհում տեղի ունեցող վերջին փոփոխություններն են, երբ ադրբեջանական վարչակարգի նման վարչակարգ ունեցող երկրները` Սիրիան, Եգիպտոսը, Եմենը, ուղղակի անկում ապրեցին հենց այդ վարչակարգի վարած քաղաքականության հետեւանքով, նշում է թերթը:
Հիշեցնենք, որ օրերս Ադրբեջանի Տրանսպորտի նախարարի` Զիյա Մամեդովի որդին` Անար Մամեդովը, Վաշինգթոնում «Ադրբեջան-Ամերիկա ալյանս» անունով կազմակերպություն է ստեղծել, որի նպատակը հայ-ամերիկյան լոբբիստական կազմակերպություններին հակակշիռ ստեղծելն է:
Բացի այդ, Ադրբեջանի Արտակարգ իրավիճակների նախարար Քեմալադին Հեյդարովի որդու` Թալե Հեյդարովի կազմակերպությունը` «Եվրոպայի ադրբեջանցիների ընկերակցությունը», ջանում է դրական իմիջ ապահովել ավտորիտար վարչակարգ ունեցող Ադրբեջանի համար:

No comments: