Դժվար է ասել, թե ինչ ընթացք կունենա օրինագիծը, այն կընդունվի արդյոք վերջնականապես եւ կստանա արդյոք գործող օրենքի ուժ, թե Ֆրանսիայի իշխող վերնախավը կփորձի դրանով ինչ որ կերպ շահագրգռել հայ համայնքին, որպեսզի իր համար ապահովի մի քանի հարյուր հազար լրացուցիչ ձայն նախագահի ընտրությանը:
Այստեղ շատ էական է, թե ինչպիսին կլինի Ֆրանսիայի նախագահի հիմնական թեկնածուներ Սարկոզիի եւ Հոլանդի հարաբերակցությունը ֆրանսիացի ընտրողների ձայների հարցում: Եթե նրանցից որեւէ մեկն էական առավելություն ստանա, ապա գուցե նաեւ շատ մեծ նշանակություն չտա հայ համայնքի ձայնին: Այդ առումով էական է նաեւ, թե Ֆրանսիայի համար ինչ գին ունի Թուրքիայի հետ հարաբերությունը:
Բանն այն է, որ թերեւս միամիտ կլինի կարծել, թե Ֆրանսիայի իշխանությունը հայկական օրինագիծը ընդունում է ընդամենը հայերի ձայնի համար: Ֆրանսիան մեղմ ասած փոքր ինչ ավելի լուրջ պետություն է այդպիսի քայլի գնալու համար: Այստեղ առաջնայինը ֆրանսիական քաղաքական շահն է, որը Թուրքիայի հետ հարաբերության հարցում թերեւս ունի ինչ-ինչ նպատակներ, որոնց էլ փորձում է ծառայեցնել հայկական խաղաքարտը:
Այլապես, որքան էլ Ֆրանսիան այսպես ասած հիացած չլինի Թուրքիայով, հազիվ թե զուտ նախընտրական նպատակների համար լուրջ սպառնալիքի տակ դնի Թուրքիայի հետ հարաբերությունը: Մյուս կողմից, Ֆրանսիան թերեւս վստահ է, որ թուրքերը ոտքերն ու ձեռքերը թափահարելուց հետո որոշակի ժամանակ անց կհանգստանան ու նորից կնորմալացնեն իր հետ հարաբերությունը:
Բացառված չէ, որ Ֆրանսիայի գործողությունների վրա ազդեցություն է թողնում նաեւ եվրոպական ճգնաժամի գործոնը եւ այդ երկիրը փորձում է նաեւ ստեղծված իրավիճակում ճնշումն ուժեղացնել Թուրքիայի վրա, որպեսզի վերջինս չփորձի օգտվել եվրոպական ճգնաժամի հետեւանքով Եվրոպայի որոշակի թուլացումից եւ առաջ մղել իր շահն ու պահանջները:
Ինչ պետք է անի այդ իրավիճակում Հայաստանը: Հայաստանն այդ իրավիճակում թերեւս պետք է ոչինչ էլ չանի: Ոչինչ այն իմաստով, որ Հայաստանը բացարձակապես չպետք է միջամտի ֆրանս-թուրքական հարաբերությանը: Թեեւ այդ հարաբերության մեջ ներկայում հայկական հարցն է զգալի առաջ մղվել, բայց անգամ այդ դեպքում դա Հայաստանի հարցը չէ:
Կընդունի Ֆրանսիան օրինագիծը` շատ լավ, կեցցե Ֆրանսիան: Չի ընդունի, ուրեմն դա Ֆրանսիայի գործն է, որի հետ հարաբերությունը Հայաստանը պետք է կառուցի բոլորովին այլ օրակարգով: Ֆրանսիան իսկապես հզոր երկիր է, չնայած ներկայիս ճգնաժամային իրավիճակին, եu այդ հզոր երկրի հետ Հայաստանի հարաբերությունը պետք է կառուցվի բոլորովին այլ օրակարգով, որում ցեղասպանության ճանաչման խնդիրը թերեւս չպետք է լինի առաջնային:
Ֆրանսիայի հետ հարաբերության տեսանկյունից, Հայաստանն ունի բազմաթիվ տնտեսական, քաղաքական, արժեքային ու քաղաքակրթական հարցեր, որոնք պետք է լինեն առաջնային եւ որոնց վրա պետք է կառուցվի երկկողմ հարաբերությունը: Եվ եթե այդ օրակարգով հայ-ֆրանսիական հարաբերությունն արդյունավետ առաջ մղվի, ապա դա արդեն կլինի Հայաստանի եւ հայության անհատական օրակարգի լավագույն սպասարկումը, այդ թվում եւ հայկական հարցի մասով:
Այսինքն, հզոր երկրները մեզ պետք չեն հայկական հարցի հանդեպ դուրեկան վերաբերմունքի համար: Դրանք մեզ պետք են մեր հզորացմանը նպաստելու համար, մեր ամրացմանն ու վերափոխմանը նպաստելու համար, որովհետեւ հայկական հարցի արդյունավետ սպասարկում կարող է իրականացնել միայն վերափոխված, ուժեղ Հայաստանը:
Հակառակ դեպքում, Հայաստանը կարող է դառնալ ընդամենը գործիք, ինչի համար սակայն չի կարող մեղադրել որեւէ մեկին: Ի վերջո, համաշխարհային քաղաքականությունը կառուցված է շահերի հստակ մեխանիզմով, որտեղ յուրաքանչյուր երկիր հետապնդում է իր գլոբալ շահը, դրան ծառայեցնելով մարտավարական գործողությունները: Հայաստանը նախ պետք է իր գլոբալ շահը ձեւակերպի, հետո նոր ըստ այդմ կառուցի իր մարտավարությունը: Միայն այդպես է հնարավոր խուսափել աշխարհաքաղաքականության գործիք դառնալուց:
ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment